Եվրասիական տնտեսական միության երկրների համար միասնական հաշվարկային միավորի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ենթադրվում է, որ արժույթը կոչվելու է «եվրազ»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրմանեւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

«Շուտով մենք միասնական հաշվարկային միավոր կունենանք: Կենտրոնական բանկերը շարունակում են աշխատանքը, բայց դա զգալիորեն ավելի բարդ է, քան թվում էր 2011 թվականին: Դեր խաղաց նաեւ ճգնաժամի գործոնը»,- ասել է Սլուցկին:

Նոյեմբերի սկզբին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ ԵՏՄ երկրների՝ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները վաղաժամ են: Նա տեղեկացրել էր, որ մեկ ամիս առաջ ԵՏՄ երկրների ԿԲ ղեկավարների նիստի ժամանակ ռուսական եւ ղազախական կողմերը հայտարարել էին, որ մինչեւ 2025 թվականն այդ հարցով չեն զբաղվելու: Ջավադյանը հաղորդել էր, որ ԵՏՄ-ի իր գործընկերների հետ քննարկել են հարցը եւ հանգել եզրակացության, որ գործընթացի համար 30-40 տարի է անհրաժեշտ: