Հայաստանում մասնավոր կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակումների ընդհանուր ծավալը հասել է 27.5 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 58 մլն դոլար - խմբ.) կամ ՀՆԱ-ի 0.5%-ի: Նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած Կենսաթոշակային 4-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Կանոնավոր կուտակումներ կատարող քաղաքացիների թիվը ներկայում շուրջ 130 հազար է:

Նա հիշեցրեց, որ 2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը դադարեցրել էր կուտակային վճարումները մինչեւ 2014-ի հուլիսի 1-ը, այդ պատճառով այդ ժամանակահատվածում կուտակային կապիտալը չի աճել:

«Երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրության գործողությունը վերականգնվեց, համակարգի մասնակիցների թիվը կտրուկ աճեց, դրա հետ մեկտեղ ավելացավ նաեւ պետության համաֆինանսավորումը»,- նշեց Հակոբյանը:

Երկրորդ անկումը գրանցվեց 2015 թվականի մայիս-հունիսին, երբ Սահմանադրական դատարանը որոշեց, որ կամավոր սկզբունքով կուտակումներ անող քաղաքացիները կարող են իրենց ավանդը հետ պահանջել: Այդ ժամանակ շուրջ 60 հազար քաղաքացիներ պահանջեցին եւ շուրջ 2.5 մլրդ դրամի չափով գումար հետ ստացան համակարգից:

Հիմա ամեն ամիս համակարգին 3-4 հազար մարդ է միանում, հիմնականում՝ առաջին անգամ աշխատանքային պայմանագիր ստորագրող անձինք (այսինքն՝ երիտասարդներ - խմբ.):

Նշենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ մտավ պետական հատվածի աշխատակիցների համար, իսկ 2017-ի հուլիսի 1-ից այն պարտադիր կդառնա բոլորի համար: