20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, նոյեմբերի 8-ին մահացած Սողոմոն Քոչարյանին կհուղարկավորեն Եռաբլուրում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:

Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Արգավանդ գյուղում գտնվող սգո սրահում:

Հաջորդ օրը նրան կհուղարկավորեն Եռաբլուրում:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը մահացավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ամիսներ առաջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացել է կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպանություն է գործել նրա միակ դուստրը:

Լուսանկարը՝ Hetq.am-ի