Կուտակային համակարգի մասնակիցները կարող են վաղ կենսաթոշակ ձեւակերպել: Նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած Կենսաթոշակային 4-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Չնայած Հայաստանում թոշակի են անցնում 63 տարեկանում, սակայն կուտակային հաշվով կենսաթոշակ կարելի է ձեւակերպել արդեն 55 տարեկանից, իհարկե, ըստ Հակոբյանի, սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում:

Բացի այդ, փորձում են կուտակային կենսաթոշակային համակարգում ներգրավել նաեւ ավագ սերնդի քաղաքացիներին: Օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն, 1964-1974 թվականների միջեւ ծնված քաղաքացիները կարող են համակարգին միանալ կամավոր՝ որոշակի արտոնություններ ստանալով: Նրանք նաեւ կարող են իրենց ավանդին համարժեք պետական համաֆինանսավորում ստանալ, բայց եթե համակարգին կամավոր միանան մինչեւ 2017 թվականի հուլիսը:

Քաղաքացիներին կուտակային վճարումներն ամբողջությամբ կապահովվեն երեխայի խնամքի առիթով արձակուրդի ժամանակ. ֆիքսված 3 հազար դրամ (շուրջ 6 դոլար - խմբ.) կվճարի գործատուն, 5 հազար՝ պետությունը:

Եվ վերջապես, կյանքից հեռանալու պարագայում կենսաթոշակային կուտակումները կարող են ստանալ ներդրողի ժառանգները, ընդ որում, ինչպես անկանխիկ, այնպես էլ կանխիկ: