Այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել էր դեպի Եգիպտոս թռիչքները, ռուսաստանցիները սկսել են համացանցում միջոցներ փնտրել գնացքով, ծովով եւ անգամ ոտքով այնտեղ հասնելու համար։ Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, վկայակոչելով «Յանդեքս» ընկերության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 8-9-ը որոնման համակարգը 11 հազար նման հարցում է ստացել։

Օգտատերերը նաեւ համացանցում որոնել են, թե ինչպես կարելի է Եգիպտոս հասնել երրորդ երկրի տարածքով՝ Թուրքիայով կամ Իսրայելով։ Միաժամանակ տուրօպերատորները հրաժարվում են շրջանցող ճանապարհներով զբոսաշրջիկներ ուղարկել Եգիպտոս։

Դեպի Եգիպտոս թռիչքների արգելքը նաեւ բարձրացրել է այլ երկրներում հանգիստը կազմակերպելու մարդկանց հետաքրքրությունը։ Օրինակ նոյեմբեր 6-ին որոնման  համակարգում համար 1-ին թեման եղել է եղանակը Թուրքիայում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Եգիպտոս չվերթները նոյեմբերի 6-ին դադարեցվել էին։ ԱԴԾ-ն խորհուրդ էր տվել դադարեցնել 2 երկրների միջեւ ավիահաղորդակցությունը, մինչեւ А321 կործանման պատճառները պարզելը։