Այս տարի Հայաստանում աղքատության մակարդակը կաճի 1,5 – 2 տոկոսով. հաջորդ տարվա ընթացքում այդ մակարդակը կաճի եւս 2 տոկոսով։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է տնտեսագետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Կենտրոնական բանկի ղեկավար Բագրատ Ասատրյանը։
Անդրադառնալով Հայաստանի 2016-ի պետբյուջեի նախագծին, տնտեսագետը նշել է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները պիտի գնան ներքին պարտքի ավելացման ուղիով։ «Սեփական ժողովրդին իշխանությունների պարտքն իհարկե ավելի արդյունավետ է, քան օտար պարտքը», - համարում է Ասատրյանը։
2016-ին Հայաստանի պետբյուջեում նախատեսված է ծախսերի ավելացում 5,8 տոկոսով։ «Եկեք մի կողմ թողնենք հեքիաթն այն մասին, որ 2016-ի բյուջեն սոցիալական է լինելու, դրան չհավատալու երկու պատճառ կա, նախ՝ ընդհանուր ծախսերի 5,8 տոկոս աճի մեջ սոցիալական ծախսերի ավելացումը 3,8 տոկոս է կազմում։ Երկրորդ՝ հստակ հայտարարվել է, որ թոշակների ավելացում նախատեսված չէ», - արձանագրել է Բագրատ Ասատրյանը։ Ստացվում է, ընդգծել է տնտեսագետը, որ Հայաստանում կյանքի մակարդակը նվազում է։





























