Երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանի 4 աստիճանով բարձրացումը ըստ Ցելսիուսի կարող է հանգեցնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձացման եւ 470-ից 750 մլն բնակչի կեցության վայրերի՝ ջրի տակ անցնելուն։ Այդ մասին տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները՝ վկայկոչելով Climate Central կազմակերպության հետազոտողների տվյալներին։ Գիտնականները նման եզրակացության են հանգել մերձծովյան շրջանների արբանյակային լուսանկարների անալիզի արդյունքում, ինչպես նաեւ ուսումնասիրելով մեր մոլորակի օդի ջերմաստիճանի փոփոխություններից կախված՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի փոփոխությունները։
Համակարգչի օգնությամբ նրանք կարողացել են մոդելավորել բարձր ռիսկային գոտում գտնվող խոշոր մեգապոլիսներին սպառնացող ջրհեղեղի սցենարները։ Այդ քաղաքներից են Լոնդոնը, Նյու Յորքը, Սիդնեյը, Շանհայը եւ ինչն ամենից շատ ճապոնացիներին է անհանգստացնում՝ Տոկիոն։ Կանխատեսումը կազմվել է 2100-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար։
Համարվում է, որ ամենամեծ վնասը կհասցվի Չինաստանին, որտեղ մոտ 140 մլն մարդ կարող է ծածկից զրկվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեծ ռիսկի են ենթակա նաեւ Բանգլադեշի, Վիետնամի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի առափնյա շրջանների բնակիչները։ Ծագող արեւի երկրում վատագույն սցենարի դեպքում վարարման տակ կմնա մինչեւ 30 մլն մարդ՝ երկրի բնակչության մեկ չորրորդ մասը։
Գիտնականների կարծիքով, եթե տարբեր երկրների կառավարություններն արդեն մոտ ժամանակներս կոնկրետ միջոցներ ձեռք չառնեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ուղղությամբ, իրավիճակը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ։





























