Ադրբեջանին սահմանակից գյուղերում կարող է 2 հազար աշխատատեղ բացվել։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ «Սահմանամերձ գյուղերում տնտեսական գործունեության հարկերից ազատելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկելիս, ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը։
Հարկերից առաջարկում են ազատել նաեւ 2 սահմանամերձ քաղաքներ՝ Ճամբարակը եւ Բերդը։
Ադրբեջանին սահմանակից 31 արտոնյալ գյուղերի ցուցակն անփոփոխ է։ Արտոնություններից հիմա օգտվում է 450 կազմակերպություն, որոնց ընդհանուր հասույթը կազմում է 1.1 մլրդ դրամ։
Փոխնախարարը նշել է, որ ներդրողներն արդեն դիտարկում են Տավուշի մարզում մի քանի տեքստիլ արտադրություն բացելու հնարավորությունը, որը կօգնի զբաղվածության խնդրի լուծմանը։ Արտոնությունները կգործեն այն բանից հետո, երբ, ի լրումն օրենքի, ընդունվի Կառավարության համապատասխան որոշումը։





























