ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ողջունել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին ազատելու որոշումը։ Այս մասին հայտնում է Turan-ը։ «ԱՄՆ-ը մարդասիրական պատկերացումներով դրական քայլ է որակում հայտնի պատմաբան եւ խաղաղարար Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու Բաքվի վերաքննիչ դատարանի որոշումը։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաեւ մյուս բանտարկյալների հետ, որոնք լուրջ առողջական խնդիրներ ունեն»,- ասված է Քերրիի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի քաղաքագետը բանտից ազատ էր արձակվել նախօրեին։ Նա հրաժարվում էր առանց իր կնոջ՝ Լեյլա Յունուսի լքել դատարանի դահլիճը։ Լեյլան դեռ կալանքի տակ է մնում։ Նշենք, որ Յունուսներին ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։





























