Հարկավոր է բանտերում չեղարկել ջիհադականների սահմանադրական իրավունքները: Այս մասին Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիայի հայտնի գրող Պասկալ Բրյուկները՝ հավելելով, որ չի կարելի նրանց թույլ տալ բանտերում նոր կողմնակիցներ հավաքագրել: Ի վերջո, Բրյուկների խոսքով, դե Գոլի ժամանակներում այդպիսի միջոցներով Ֆրանսիան պաշտպանել է ոչ միայն ֆրանսիացիներին, այլեւ մահմեդականներին՝ ալժիրցիներին: Ներկայացնենք նրա հարցազրույցից մի հատված:

«Հարկավոր է խոստովանել, որ մենք անօգնական ենք այդ մարդկանց դեմ, որոնք ոչինչ չի ճանաչում եւ պատրաստ են մեռնել: Իհարկե, մենք ոստիկանական եւ զինվորական անցակետեր ունենք, բայց ինչ կարելի է անել մի մարդու դեմ, ով ցանկանում է մեռնել:

Բոլորն էլ վախենում են ինչ-որ սարսափելի բանից, ավելի սարսափելի, քան Charlie Hebdo-ի դեմ հարձակումն էր: Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին: Սարսափելի է մտածել, որ այդպիսի սարսափներ կարող են տեղի ունենալ եկեղեցիներում, սինագոգներում, մզկիթներում:

Բանտարկված ջիհադականների սահմանադրական իրավունքները պետք է դադարեցնել: Նրանց մեկուսացնել փակ կենտրոններում, հնարավորություն չտալ բանտերում նոր կողմնակիցներ հավաքագրել: Կասկածյալներին հարկավոր է դիտարկել որպես մեղավոր եւ այս կամ այն միջոցներով թույլ չտալ վնաս հասցնել հանրությանը: Ի վերջո, հարկավոր է որոշակի գործողություններ ձեռնարկել, որոնք ժամանակին կիրառել է Շառլ դե Գոլը Գաղտնի զինվորական կազմակերպության դեմ:

Սալաֆիների մզկիթները պետք է փակվեն, ինչպես դա տեղի ունեցավ Թունիսում ահաբեկչության ժամանակ: Հարկավոր է Ֆրանսիայում ուժեղացնել իսլամի նկատմամբ վերահսկողությունը՝ ամբողջ հանրության անվտանգության համար»: