Փարիզի ահաբեկչություններին առնվազն 20 մարդ է մասնակցել, որոնցից 2-ը եղել են Սիրիայում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան շրջանակներում իր աղբյուրները, որոնք տեղյակ են հետաքննության ընթացքից։
Պարբերականի տեղեկություններով՝ 20-ամյա Բիլալ Հադֆին, որը պայթեցրել էր իրեն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, վերջերս էր Մերձավոր Արեւելքից վերադարձել Բելգիա, որից հետո անհետացել էր հատուկ ծառայությունների տեսադաշտից, փոխանցում է Lenta-ն։
Հարձակման մեկ այլ մասնակից՝ Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆաին, 8 անգամ պատասխանատվության էր ենթարկվել մանր իրավախախտումների համար։ 2010թ. ֆրանսիական հետախուզությունը նրան հաշվառման տակ էր վերցրել արմատական իսլամիստների հետ կապ ունենալու համար։ 2013թ., ինչպես ենթադրում են հատուկ ծառայությունները, նա մեկնել էր Սիրիա, որից հետո նրա հետքը կորել էր։





























