Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը նոյեմբերի 16-ին RTL-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ջոկատները երկրի տարածքում 150 վարչական ստուգում են իրականացրել։

«Երկիրը նոր ահաբեկչությունների վտանգի տակ է գտնվում, այդ պատճառով ստուգումները կատարվում են եւ կատարվելու են ցանկացած վայրում, ցանկացած ժամի»,- հայտարարել է վարչապետը։ 150 ընտանիքներ, որոնց ստուգել են, կապ ունեն արմատական իսլամի հետ եւ հաշվառված են հատուկ ծառայությունների հատուկ գործերում։

Ինչպես հայտնում է Le Monde-ն, կիրակի գիշերը լույս երկուշաբթի Լիոնում եւ քաղաքի մերձակայքում, ինչպես նաեւ Գրենոբլում ոստիկանության հատուկ ջոկատները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք կապ են ունեցել արմատական իսլամի հետ։ Նրանց տներում զենք են հայտնաբերել։ Կալանավորվածներից 5-ի մոտ նռնակներ են գտել։