Ղազախստանի Ուրալսկ քաղաքում օգոստոսի 13-16-ին կայացած սամբոյի միջազգային մրցաշարում 74 կգ քաշային կարգում հայ մարզիկ, ստեփանակերտցի Աշոտ  Դանիելյանի հաղթանակը նյարդայնացրել է ադրբեջանցիներին:

ՀՀ սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս ադրբեջանական կայքերում հայտնվել է «Մերկացված է հայկական լրատվամիջոցների հերթական կեղծարարությունը» բարձրագոչ վերնագրով մի հոդված, ուր նշված էր, թե Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատունը հետաքննություն է անցկացրել եւ Ղազախստանի տուրիզմի եւ սպորտի նախարարությունից պարզել, որ Ա. Դանիելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը եւ հանդես եկել Հայաստանի դրոշի ներքո:

Այս առիթով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հաստատում է, որ Աշոտ Դանիելյանը հանդես է եկել ՀՀ դրոշի ներքո, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը, նաեւ` եւս մեկ անգամ հայտարարել, որ Նազարբաեւի մրցաշարում ոսկե մեդալի արժանացած մարզիկը, ով, ի դեպ, այս տարի նվաճել է նաեւ Մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ծնվել , մեծացել, մարզվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հատուկ ադրբեջանական լրատվամիջոցների համար եւս մեկ հիշեցում:

1993 թվականին  Ռուսաստանի Դաշնության Կստովո քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի եւ Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցած սամբոյի եվրոպայի առաջնություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցել է առանձին թիմով եւ, ի պատիվ արցախցի մարզիկների, 14 անգամ բարձրացվել է ԼՂՀ պետական դրոշը: