Ուկրաինական մամուլը շարունակում է մեծ ուշադրությամբ հետեւել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Հերթական հրպարակմամբ հանդես է եկել «Բլիկը»:

Անցած տարվա ամռանը Դոնեցկի «Մետալուրգում» հայտնվեց հայ տաղանդ Հենրիխ Մխիթարյանը (21 տարեկան): Երեւանի «Արարատի» հռչակավոր ռմբարկու Համլետ Մխիթարյանի որդին «Փյունիկում» նորամուտը նշել է 17 տարեկանում, իսկ 2007-ին Հենրիխի վրա «աչք դրեց» Միրչա Լուչեսկուն, երբ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Շախտյորը» խաղում էր «Փյունիկի» հետ: Այս տարվա օգոստոսի 30-ին «Շախտյորը» հայտարարեց, որ գնել է Մխիթարյանի տրանսֆերը 7,5 միլիոն դոլարով: Սակայն հենց այդ նույն օրը Հենրիխը Դնեպրոպետրովսկում խաղաց «Մետալուրգի» կազմում եւ օգնեց արդեն նախկին թիմին հաղթել 2:1 հաշվով`կատարելով հրաշալի գոլային փոխանցում:

«Դնեպրի» հետ խաղը շատ ծանր էր, եւ շնորհակալություն տղաներին, որ իմ հրաժեշտի խաղը «Մետալուրգում» հաղթական եղավ»,- ասում է Մխիթարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք «Բլիկ» պարբերականում Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցից մի հատված:

«Մետալուրգի» որոշ ֆանատներ ուրախ չեն, որ իրենց սիրելին տեղափոխվել է «Շախտյոր»:

Բայց չէ որ սա ֆուտբոլային կյանք է: Ֆանատները հրաշալի են ինձ վերաբերվել, եւ ես դա միշտ զգացել եմ: Ես երախտապարտ եմ նրանց եւ շնորհակալ: «Մետալուրգի» երկրպագուները պետք է ինձ հասկանան: Ես էլ եմ ուզում աճել, խաղալ մեծ ֆուտբոլ, դուրս գալ շատ բարձր մակարդակի:

Ինչքա՞ն տեւեցին «Շախտյորի» հետ բանակցությունները:

Մի քանի օր: Նախ` ակումբների ղեկավարության մակարդակով, ապա` ինձ հետ:

Ո՞ւմ ես հանձնում «Մետալուրգի» ավագի թեւկապը:

Կարծում եմ` փոխավագ Մարիո Սերժիոյին:

«Շախտյորի» հիմնական կազմում շատ բրազիլացիներ կան եւ նորեկներին բարդ է ներգրավվել:

Ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը, եւ ինձ ասել են հնարավոր խնդիրների մասին: Ի՞նչ ասեմ. պատրաստ եմ ամեն ինչի եւ ոչնչից չեն վախենում, քանի որ ես բաց մարդ եմ եւ պատրաստվում եմ բարի հարաբերություններ ունենալ բոլորի հետ` անկախ քաղաքացիությունից: Բացի այդ, ես խոսում եմ պորտուգալերեն:

Հատո՞ւկ ես սովորել:

Երբ 13 տարեկան էի, ես չորս ամիս վարպետությունս կատարելագործել եմ Սան Պաուլուի ֆուտբոլային դպրոցում: Դեռեւս Հայաստանում եմ սկսել պորտուգալերեն սովորել եւ արդեն տեղում շատ արագ խոսեցի: Ճիշտ է`վերադառնալուց հետո մոռացա ինչ-որ չափով, բայց հիմա վերականգնում եմ:

Քանի լեզու գիտես:

Հինգ: Ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, ռուսերեն եւ, իհարկե, հայերեն:

Միրչա Լուչեսկուի հետ հասցրե՞լ եք խոսել:

Ոչ երկար, ընդամենը մի քանի րոպե: «Շախտյորի» նախագա՞հի հետ: Ոչ, Ախմետովի հետ նույնիսկ չեմ հանդիպել:

Ինչո՞ւ մի քանի տարբերակներից ընտրեցին հենց «Շախտյորը»:

Միայն Չեմպիոնների լիգան չէր կարեւոր: Իհարկե, այդ մրցաշարում խաղալը ինքնին մեծ պատիվ է: Բայց ավելի կարեւոր է, որ «Շախտյորը» բոլոր կողմերով շատ լավ թիմ է: Կարծում եմ` բրազիլացիների հետ շատ հետաքրքիր է խաղալ:

Չեմպիոնների լիգայում մրցակիցներիդ ինչպե՞ս կբնութագրես:

«Շախտյորի» համար անցողիկ խումբ է: «Արսենալի» հետ կարելի է պայքարել, «Բրագայի» հետ ուշադիր պետք է լինել, իսկ «Սեւիլիային» հենց այնպես, երկու անգամ չեն հաղթում: «Պարտիզանին» հիշում եմ դեռեւս «Փյունիկի» հետ խաղից: Բոլորին հնարավոր է հաղթել, ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի մեկնարկային կազմում տեղ ունենամ արդեն սերբերի հետ խաղում:

«Շախտյորի» խաղացողներից որեւէ մեկի հետ ծանո՞թ ես:

Ոչ: Բոլոր իմ ընկերները մնացել են «Մետալուրգում»: Իհարկե, ես կշարունակեմ նրանց հետ հարաբերություններ պահպանել:

Իսկ քո անձնական պայմանագիրը շա՞տ է աճել:

Դե, լավ է աճել: Բայց փողն այդքան էլ կարեւոր չէ ինձ համար: Ավելի կարեւոր է «Շախտյոր» տեղափոխվելը: Չէ որ սա նոր աստիճան է եւ մեծ քայլ առաջ:

Կենցաղային իմաստով քեզ մոտ ոչինչ չի՞ փոխվի: Կմնաս ապրել նույն բնակարանո՞ւմ:   

Չգիտեմ, երեւի բնակարանի հետ կապված ինչ-որ բան կորոշեմ: Մինչեւ հիմա ապրել եմ «Մետալուրգի» մարզաբազայում, որտեղ ամեն ինչ հարմար էր, պետք չէ մարզման գնալ: Ես ինքս էի այդպես ուզել` ամբողջովին կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Ընկերուհի ունե՞ս:

Սիրած աղջիկ չունեմ ոչ Դոնեցկում, ոչ` Երեւանում:

Այնուամենայնիվ, ի՞նչ հույսեր ես կապում «Շախտյորի» հետ:

Ամեն լավը: Եթե «Շատյորն» այսքան ջանք է ներդրել իմ տեղափոխության համար` նշանակում է ինձ վստահում են: Հասկանալի է, որ ոչ ոքի հենց այնպես ինձ մեկնարկային կազմ չի վերցնի, այդ պատճառով էլ ես պարտավոր եմ մարզումների ժամանակ ուժ չխնայել եւ տեղ ստանալ մեկնարկայինում: Ես չեմ եկել «Շախտյոր» նստարանին մնալու համար: Ինձ համար մրցակցությունը միայն օգտակար է:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը 21 տարեկան է, հարձակողական կիսապաշտպան: Նա Երեւանի «Փյունիկում» խաղացել է մինչեւ 2009-ի հուլիս, այնուհետեւ մինչեւ 2010-ի օգոստոս խաղացել է Դոնեցկի «Մետալուրգում»: Դոնեցկի «Շախտյորում» է օգոստոսի 31-ից: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հենրիխն անցկացրել է 16 հանդիպում, խփել երկու գնդակ, «Մետալուրգի» կազմում` 46 խաղ (17 գոլ):

Նվաճումները. Հայաստանի քառակի չեմպիոն եւ գավաթակիր, Ուկրաինայի գավաթի եզրափակիչի մասնակից: 2009-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: