Սիրիա-թուրքական սահմանին ռուսական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպը   Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կտրուկ սրման է հանգեցրել: Թուրքական կողմից ներողության չսպասելով` Ռուսաստանն անմիջապես արձագանքեց տնտեսական պատժամիջոցներով:

 Մանրածախ առեւտրում (մասնավորապես` «տոնավաճառներում») թուրքական ապրանքների առատությունը եւ Թուրքիայի հետ առեւտրում հաշվեկշռի հսկայական խախտումը, թվում է, թե վկայում են այդ ոլորտում մեր հարեւանի հաջողությունների մասին: Իրականում Թուրքիան արտաքին առեւտրի հսկայական բացասական հաշվեմնացորդ ունի  (անցյալ տարվա ընթացքում` 85 մլրդ դոլար): Բացառություն չի կազմում նաեւ Ռուսաստանի հետ նրա առեւտուրը: Այսպես` հունվար-սեպտեմբերին  (այսինքն վերոհիշյալ միջադեպից առաջ) Ռուսաստանի արտահանումը Թուրքիա գրեթե   5 անգամ գերազանցում էր ներմուծումը` 15,0 մլրդ դոլարը 3,1 մլրդ դոլարի դիմաց:

Ընդ որում, դեպի Թուրքիա ռուսական արտահանման գերակշռող մասը կազմում են բնական գազը, նավթը եւ նավթամթերքը, մետաղները, ինչպես նաեւ սննդամթերքի մի քանի տեսակ  (ցորեն, արեւածաղկի յուղ): Իսկ Ռուսաստանը Թուրքիայից հիմնականում ներմուծում էր սննդամթերք (այդ թվում` բանջարեղեն եւ միրգ), հագուստի պարագաներ եւ տեքստիլ, կենցաղային տեխնիկա եւ այլն: Այսինքն` այնպիսի ապրանքներ, որոնք շատ հաջողությամբ կարելի է ներմուծել երրորդ երկրներից: 

Բնականաբար, գլոբալիզացիայի գործընթացի մեջ ներգրավվածությունը նպաստել է այլ ոլորտներում եւս տնտեսական կապերի հաստատմանը:  Օրինակներից մեկը Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվելիք ԱԷԿ-ն է, ինչպես նաեւ  «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը: Ակնհայտ է, որ եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվի եւ նույնիսկ աճի, այդ նախագծերը ձախողման են դատապարտված: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանում թուրքական բազմաթիվ շինարարական ընկերությունների գործունեությանը (ի դեպ, այդ գործոնը կարող է նպաստել այլ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, շինարարների ներգրավմանը):  

Հարվածի տակ է հայտնվել նաեւ զբոսաշրջությունը: Ինչպես հայտնի է, Թուրքիան իր երկրի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փորձում է փոխհատուցել արտագնա զբոսաշրջության զարգացմամբ: Գաղտնիք չէ, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում առավելագույն ժողովրդականություն է վայելում հենց Թուրքիան:  Անցյալ տարի 3,28 մլն ռուսաստանցի է այցելել այնտեղ:

Թուրք վիճակագիրների տվյալների համաձայն, յուրաքանչյուր օտարերկրացի զբոսաշրջիկ այդ երկրում միջինը  828 դոլար է ծախսում: Այստեղից էլ` անցյալ տարի Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներից ստացված եկամուտը կարող էր կազմել ավելի քան  2,7 մլրդ դոլար: Նույնիսկ եթե ռուսաստանցի զբոսաշրջիկների նախկին թվակազմի ինչ-որ մասն առաջվա պես հանգստանալու մեկնի Թուրքիա,  այս ոլորտում  Թուրքիայի կորուստները շոշափելի կլինեն: Թուրքիան նման  գին է ստիպված լինելու վճարել հրթիռահարված ռուսական ինքնաթիռի դիմաց: Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից որոշակի վնաս կկրի նաեւ Ռուսաստանը: 

Սմբատ Գրիգորյան