Եթե ներկա Սահմանադրությունն է խանգարում, որ ավելի ժողովրդավար ու արդար երկիր ունենանք, ապա կարելի էր կառավարման մոդելը չփոխել եւ փոխարենը  փոփոխություններ կատարել կիսանախագահական կառավարման մոդելում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուին ասել է հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, որը ներկայացնում է «Ոչ»-ի ճակատը:

«Ինձ համար զավեշտ է. ասում են՝ քանի որ վերահսկողությունը թույլ էր, չկային մեխանիզմներ, որ մեզ պատժեին, դրա համար մենք էդպես ենք վարվել: Իսկ ո՞ւր մնաց հանրային շահը, բարոյական արժեքները: Նրա համար, որ իրենց մատնանշած ոլորտներում առաջընթաց գրանցեին, իրենց խանգարում էին ոչ պրոֆեսիոնալ կադրերն ու կամքը»,- ասել է նա:

Թամարա Գեւորգյանի խոսքով՝ հասարակությունը տեղյակ չէ, թե ինչու է իշխող կուսակցությունը փոխում Սահմանադրությունը, ինչի հետեւանքով անհավասար պայմաններ են ստեղծվել քաղաքացիների համար:

«Իմ «Ոչ»-ը պայմանավորված է նաեւ նրանով, որ մեզ՝ հասարակ քաղաքացիներին հիշում են վերջին պահին, այն էլ հայտնի չէ՝ իրապես ուզում են մեզ լսել, թե ուղղակի այդ ֆոնը պետք է ապահովել, որ ասեն՝ մենք ժողովրդավար ճանապարհով ենք գնում»,- նշել է նա:

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: