Նոր Սահմանադրությունը քաղաքացիներին չի զրկում համայնքապետեր ընտրելու իրավունքից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, որը ներկայացնում է «Այո»-ի ճակատը:

«Փոքր համայնքներում դեռ երկար ժամանակ ընտրություններ է լինելու: Իսկ քաղաքներից միայն նրանցում չի ընտրվի, որոնք կունենան մոտ հարյուր հազար բնակչություն: Հստակ գրված ա՝ ընտրվում ա կամ ուղղակի, կամ անուղղակի ընտրություններով: Մենք շատ լավ փորձ ունենք Երեւանում, հաջորդ քաղաքը կլինի, միգուցե, Վանաձորը, Գյումրին, Կապանը: Երեւանցիները չեն դժգոհում իրենց  կյանքից: Տարոն Մարգարյանին ժողովուրդը չի գնացել, ընտրել, դրանից Երեւանը չի քանդվել»,- ասել է նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ընդդիմության լիազորությունները մեծացնում է:  Ըստ նրա՝ եթե ներկա Սահմանադրության պարագայում ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, ապա փոփոխության դեպքում ընդդիմությունը ստանում է իշխանության գործունեությունը վերահսկելու հնարավորություն:

«Հաղթողը ստանում է կառավարություն ձեւավորելու լիազորություն, ընդդիմությունը ստանում է հեռադիտակով, խոշորացույցով իշխանությանը հետեւելու լիազորություն: Ընդդիմությունը չի գնում տուն, ինքը ռեալ իշխանական լծակներ ունեի էդ ամենը իրականացնելու»,- նշել է նա:

Նշենք, որ «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը: Իսկ ոչ-ի ճակատից  են հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: