Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում փոփոխություններ անելու իրական մեխանիզմ է, երկրորդ հավանական իրականությունը 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունն է: Մենք պետք է ընտրություն անենք: Այս մասին նոյեմբերի 30-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «ՀՅԴ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Կառավարման ներկա համակարգը, ըստ պատգամավորի, արդեն 25 տարի է չի արդարացնում իրեն: Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ, շեշտեց Մինասյանը, Հայաստանում ոչ միայն պատասխանատու իշխանություն կլինի, այլեւ պատասխանատու ընդդիմություն: «Այսօր ընդդիմությունը շատ հաճախ հանդես է գալիս քննադատությամբ, բայց չունենալով այդ քննադատությունը կյանքի կոչելու հնարավորություն, դառնում է հասարակության ագրեսիվ մասը: Դրա հետեւանքով քաղաքացին է տուժում »,- նշեց պատգամավորը: Իսկ Սահմանադրության  փոփոխությունների օգնությամբ, շարունակեց Արծվիկ Մինասյանը, Հայաստանի քաղաքացիներն ավելի պատասխանատու կդառնան: «Մենք երկիրը ներկա իրավիճակից հանելու իրական հնարավորություն ենք տեսնում»,- հավելել է «ՀՅԴ» պատգամավորը: