Հանրային հեռուստաընկերությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լրատվամիջոցներում այսօր տարածված այն տեղեկությունը,  ըստ որի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Ամիրյանի օգնական Կարինե Հակոբյանը հայտնեց, որ հրաժարականի մասին ինքը տեղեկություն չունի եւ առաջարկեց լուրը ճշտել Հանրային հեռուստառադիոխորհրդից:

Մեր հեռախոսազանգին պատասխանած քարտուղարուհին եւս ասաց, որ իրեն հրաժարականի մասին որեւէ բան հայտնի չէ: «Ինձ այդ մասին որեւէ բան ասված չէ, որ այսպիսի հայտարարություն արվի: Եկեք մի փոքր համբերենք»,-ասաց նա: Ըստ լուրերի՝ Արմեն Ամիրյանի փոխարեն Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է նշանակվել «Շարկ» ընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Հանրային հեռուստառադիախորհրդում այս տեղեկության վերաբերյալ եւս որեւէ բան չհայտնեցին եւ կրկին առաջարկեցին մի փոքր սպասել:  

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Ամիրյանը հրաժարվել է ընդունել Հանրայինի գործադիր տնօրենի պաշտոնը, քանի որ Հանրային հեռուստաընկերության գործունեության հետ կապված ֆինանսական լուրջ անհամապատասխանություններ եւ խնդիրներ կան: