Սահմանադրության հանրաքվեի տապալման դեպքում Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում կենտրոնացնել բոլոր լծակները՝ ունենալով խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների գործընթացի հենց սկզբից ակնհայտ էր, որ հասարակության շրջանում կա անտարբերություն այդ փոփոխությունների նկատմամբ։ Արդյոք իշխանություններին հաջողվեց հաղթահարել անտարբերությունը։ Ձեր կարծիքով` ընտրողները բավարար չափով իրազեկվա՞ծ են, թե ոչ, հատկապես հաշվի առնելով, որ այս անգամ, ի տարբերություն, 1995-ի եւ 2005-ի, «Այո»-ի շտաբը սահմանադրության նախագծի գրքույկներ չի բաժանում քաղաքացիներին:
Ես համաձայն չեմ, որ գրքույկներ չբաժանվեցին, որովհետեւ ոչ միայն պաշտոնապես հրապարակվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ոչ միայն տպվեցին մեկնաբանությունները, այլեւ պատրաստեցինք բուկլետներ, փորձեցինք անդրադարձ կատարել երեք հիմնական խումբ հարցերի՝ ինչու էին անհրաժեշտ փոփոխությունները, որոնք էին ամենահիմնական փոփոխությունները եւ ինչ շահարկումներ կան, որն է մեր հակափաստարկը այդ շահարկումներին։ Այդ ամենը բավականին մեծ տպաքանակով է տպվել, որը մեր քարոզիչներն օգտագործում են իրենց ամենօրյա աշխատանքում։ Ռեալիթի շոուն աննախադեպ էր, որը հնարավորություն է ընձեռում երկու կողմերին ներկայացնել իրենց փաստարկները։
Կա կարծիք, որ եթե իշխանությունը երկրում փոփոխություններ իրականացնելու ցանկություն ունենա, կարող է դա անել նաեւ գործող Սահմանադրությամբ, հատկապես, որ Վենետիկի հանձնաժողովը եւս նշել էր, որ ցանկացած կառավարման մոդելի դեպքում կարելի է ժողովրդավարություն կառուցել:
Միշտ կարելի է ենթադրել, որ գործող Սահմանադրությամբ կարելի էր ավելի բարելավված իրավիճակ ունենալ։ Տեսականորեն դա վերաբերում է ցանկացած սահմանադրական մոդելի, սակայն դա չի նշանակում, որ կայուն զարգացման համար բոլոր մոդելները հավասարաչափ պիտանի են։ Ավելին, տարբեր երկրների զարգացման ուղու վիճակագրությունը կարող է շատ հստակ վկայել, թե որ ճանապարհն է բերում ավելի կայուն ժողովրդավարության։ Ի դեպ, այս խոսակցությունները մեզանում նոր չեն, վերջերս առիթ ունեցա ընթերցելու դեռեւս 1995-ին հրապարակված Շավարշ Քոչարյանի մի հոդված, որն անդրադարձ էր կատարում, թե ինչ վտանգներ կան կիսանախագահական համակարգի պայմաններում Հայաստանի համար եւ դա ասվում էր դեռեւս 1995 թվականին։
Ի՞նչ վտանգների մասին է խոսքը։
Մենք քարոզարշավի ժամանակ հենց այդ վտանգներն ենք ներկայացրել, մասնավորապես երկփեղկված գործադիր իշխանություն, գործադիր իշխանության մի հատվածը չի ենթարկվում խորհրդարանական վերահսկողության, ընդդիմության դերակատարման շատ ցածր մակարդակ, «հաղթողն ստանում է ամեն ինչ» սկզբունքը նախագահական ընտրությունների ժամանակ, ոչ անկախ դատական իշխանություն եւ այլն։
Ընդդիմությունը պնդում է, որ այն լծակները, որոնք սահմանադրական փոփոխություններով տրվում են իրենց, վերահսկողական չեն, այդ պաշտոններն իրենց ոչինչ չեն տալիս եւ ի վերջո, միշտ վերջին նշանակման իրավունքը մնում է նախագահի ձեռքում։
Ես բացարձակապես չեմ կիսում ընդդիմության այդ գնահատականը։ Եթե ընդդիմությունը ենթադրում է, որ որոշումները պետք է կայացվեն ընդդիմության կողմից, դա կարծում եմ՝ զավեշտ կլիներ։ Խնդիրը վերաբերում է ավելի լայն կոնսենսուսին: Ակնհայտ է, որ եթե երկարատեւ ժամանակ Ազգային ժողովը չի կարողանում որեւէ պաշտոնյայի նշանակել, ապա լուծումներ պետք է տրվեն։ Կան երկրներ, որտեղ այդ լուծումները չեն գտնվել, որի հետեւանքով հաճախ հայտնվում են ծանր իրավիճակում։ Բելգիան հաճախ ամիսներով մնում է առանց կառավարության, եւ նման փակուղային իրավիճակ Հայաստանի համար ուղղակի անթույլատրելի է։
Դրա՞ն էր միտված ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունենալու դրույթը։
Այո, կայուն մեծամասնությունը կարեւորագույն տարրերից մեկն է խորհրդարանական մեծամասնության արդյունավետ աշխատանքի համար։ Հնարավոր են տարբեր մեխանիզմներ։ Անգամ կարելի է չխոսել կայուն մեծամասնության մասին, բայց առաջարկել այլ տարբերակներ, որոնցով գնացել են տարբեր երկրներ։ Օրինակ Միացյալ Թագավորությունում գործում է 100-տոկոսանոց մեծամասնական համակարգ, սա հենց այլ ճանապարհով կայուն մեծամասնության հասնելու ձեւ է։ Եկեք նայենք այն երկրներին, որտեղ ընտրական արգելապատնեշները բարձրացրել են ոչ թե 5 տոկոս, ինչպես մեզանում, այլ ասենք 10 տոկոս։ Դրա նպատակը նույնպես նույնն է՝ հասնել կայուն մեծամասնության։ Կան երկրներ, որտեղ գործում են բոնուսային համակարգ, երբ 1-ին տեղը գրավողն ավտոմատ ստանում է լրացուցիչ բոնուս։ Այն լուծումը, որ մենք ենք առաջարկում, կարծում եմ, ավելի առաջադիմական է, քանի որ ի վերջո, ընտրության հնարավորությունն ընձեռվում է ժողովրդին։ Դրանով է պայմանավորված, որ նախագիծն անցնելով բազմաթիվ քննարկումներ, այն իսկապես լուրջ առաջադիմական քայլ է։
Եթե չկա կայուն մեծամասնություն, չկա կայուն կառավարման համակարգ, խորհրդարանական համակարգը սկսում է իրեն դրսեւորել իր ամենաբացասական կողմերով։ Նման դեպքում չկա կայուն կառավարություն, կառավարությունները հաճախ փոխվում են՝ իրենց առջեւ չդնելով լուրջ ռազմավարական խնդիրներ։
Սակայն ընդդիմությունը պնդում է, որ կայուն մեծամասնության դրույթն ամրագրելու դեպքում՝ ՀՀԿ-ն խորհրդարանում միշտ մեծամասնություն կունենա:
Ես գրեթե բացառում եմ, որ որեւէ կուսակցություն կարող է ընտրությունների առաջին փուլի արդյունքում խորհրդարանում ունենալ ձայների մեծամասնություն։ Հայաստանի զարգացման բոլոր փուլերում, վերջին 20 տարվա ընթացքում համամասնական ընտրությունների ժամանակ իշխանությունը որքան էլ օգտագործել է բոլոր հնարավոր լծակները, իսկ վարչական լծակները բոլոր ընտրություններում էլ կան, ոչ միայն Հայաստանում, միեւնույն է իշխանությունը երբեւէ չի մոտեցել 50 տոկոսին։ Հիմա հարց՝ ինչու իշխանությունը որոշեց կամավոր հրաժարվել մեծամասնական համակարգից, որովհետեւ մենք համարեցինք, որ ավելի բնականոն եղանակն է համամասնականը, ավելի պատշաճ արտացոլումն է երկրում տիրող իրավիճակի, այն քաղաքական ներկապնակի, որն ընտրության պահին առկա է։
Երկրի նախագահը բազմիցս հայտարարել է, որ կառավարման ձեւի փոփոխությունից հետո չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին։ Արդյոք այս պաշտոններից ոչ մեկը չզբաղեցնելով, բայց կուսակցության ղեկը պահելով հնարավոր չէ ապահովել իշխանության վերարտադրություն, ինչի վրա իր քարոզչությունը կառուցում է ընդդիմությունը։
Եթե վերարտադրության մասին խոսենք բացասական իմաստով, ապա գործող համակարգը շատ ավելի մեծ հնարավորություն է տալիս վերարտադրության համար։ Տեսեք, իհարկե, Սերժ Սարգսյանը գործող համակարգի դեպքում չի կարող վերընտրվել երկրի նախագահ, բայց եթե ՀՀԿ-ն ստանա մեծամասնություն խորհրդարանում, իսկ գործող համակարգի պայմաններում, երբ 90 պատգամավոր ընտրվում է համամասնական համակարգով, իսկ 41 պատգամավոր՝ մեծամասնականով, եւ ավելի հավանական է, որ այդ 41 պատգամավորի զգալի մասը ներկայացնեն իշխող կուսակցությունը, այդ դեպքում Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ իր ձեռքում կենտրոնացնել գործադիր իշխանության բոլոր լծակները։ Նման պատկեր առկա է բազմաթիվ երկրներում, վառ օրինակը Վրաստանն է, երբ Իվանիշվիլի վարչապետը ողջ իշխանական լծակներն իր ձեռքում էր կենտրոնացրել։ Կամ Վլադիմիր Պուտինը, որը վարչապետ եղած ժամանակ էլի իր ձեռքում էր կենտրոնացրել իշխանությունը։
Այդ դեպքում ո՞րն էր այս սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կարծում եմ՝ այդ հարցին մեր ընդդիմախոսները որեւէ պատասխան չունեն։ Վերարտադրվելու համար իշխանությանը պետք չէր ընդդիմությանը տալ լրացուցիչ իրավունքներ, մտցնել սահմանադրական օրենքներ, որոնք պետք է 3/5-րդով անցնեն, դրա համար պետք չէր դատական իշխանության ձեւավորումը բերել բարձրագույն դատական խորհուրդ, պետք չէր լայն կոնսենսուս բազմաթիվ պաշտոնատար անձանց նշանակումների հարցում, պետք չէր ստեղծել քննիչ հանձնաժողով եւ այլն։ Ո՞րն էր նպատակը նման լայն փոփոխություններ նախաձեռնելու համար։ Դա գիտակցումն է, թե որ համակարգն է ապահովելու երկրի կայուն զարգացումը դեպի ժողովրդավարություն։
ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում հնարավոր է ավելի հեշտ հասնել իշխանափոխության։ Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ։
Ես վաղուց եմ խոսել այն մասին, որ փոփոխությունների այս ամբողջ համակարգն իրականում լավ հենք է խաղաղ իշխանափոխության համար։ Այսինքն ստեղծված են բոլոր նախադրյալները, որպեսզի ժողովուրդն ընտրությունների միջոցով ապահովի իր իշխանությունը։ Նպատակն իշխանափոխությունը չէ, նպատակը խաղաղ, բնականոն փոփոխության համար պատշաճ մեխանիզմների ստեղծումն է։
Ստացվում է՝ իշխանությունն այս փոփոխություններով գնում է ինքն իրեն փոխելու, իշխանությունից հրաժարվելու ճանապարհո՞վ։
Պատշաճ մեխանիզմների բացակայությունը, որոնք կապահովեին կայուն ժողովրդավարություն, ի վերջո, հանգեցնում է բազմաթիվ ծռմռված երեւույթների, ինչպես ասենք գունավոր հեղափոխությունների կամ իշխանության բռնազավթման, դիկտատուրայի։ Կիսանախագահական անվանումը հաճախ սխալ տպավորություն է ստեղծում, որ այն նախագահական եւ խորհրդարանական համակարգերի միջեւ ընկած մի մոդել է։ Կարծես երկու ծայրահեղ կետերը նախագահական ու խորհրդարանականն են, բայց մասնագետները հաճախ օգտագործում են ոչ թե կիսանախագահական, այլ սուպեր նախագահական համակարգ եզրը, որովհետեւ որպես կանոն, նման համակարգերում միտում կա ձեւավորելու գերկենտրոնացած իշխանություն, հատկապես այն երկրներում, որտեղ նախագահը խորհրդարանում ունի մեծամասնություն։
Ընդդիմադիրները չեն ընդունում այն պնդումը, որ նոր սահմանադրությունն ապահովում է խաղաղ իշխանափոխության ավելի լայն հնարավորություն։
Կան ընդդիմադիրներ, որոնք ունեն շատ հստակ քաղաքական օրակարգ եւ հիմնական նպատակը ոչ թե ընդդիմանալն է ցանկացած առաջարկության, այլ կոնստրուկտիվ ձեւով քննադատելով իշխանություններին, փորձել հանգել երկրի համար իսկապես անհրաժեշտ, ճակատագրական ճիշտ որոշումների։ Եվ կան ընդդիմադիրներ, որոնք ընդդիմանում են ցանկացած առաջարկության։ Նմանատիպ փաստաթղթերը քննարկելիս սահմանադրագետները խնդրին մոտենում են հետեւյալ առումներով, թե արդյոք դրանք ապահովում են հավասարակշռության անհրաժեշտ մեխանիզմները, որոնք կապահովեն երկրի կայուն զարգացումը, ապահովելու համար մարդու իրավունքների պատշաճ պահպանումը, ապահովելու համար անկախ ու անաչառ դատական իշխանության ձեւավորումը։ Հենց դա է բուն խնդիրը, բայց ցավոք սրտի, ես չեմ նկատել, որ ընդդիմադիրների զգալի մասը մասնակցի քննարկումներին եւ բովանդակային հակափաստարկներ բերի։
50-ից ավելի փաստաբաններ հանդես էին եկել հայտարարությամբ եւ իրենց բացասական վերաբերմունքը հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ բերելով փաստարկներ։
Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Ազգային ժողովը մասնակցում է բարձրագույն դատական խորհրդի, ինչպես նաեւ երկու տարբեր դատական ատյանների ձեւավորմանը։ Եթե խոսքը պարզ մեծամասնության մասին լիներ, ես կկիսեի նրանց կարծիքը, բայց խոսքն այստեղ 3/5-րդի մասին է։ Ավելին, երբ խոսքը վերաբերում է բարձրագույն դատական խորհրդին, ապա ընտրված է մի մարմնի մոդել, որտեղ դատական իշխանությունն ու Ազգային ժողովի կողմից ընտրված իրավաբան գիտնականները հավասար չափով են ներկայացված այդ խորհրդում։ Ի տարբերություն գործող համակարգի, երբ Արդարադատության խորհուրդը որպես կանոն կարեւորագույն հարցերում ունի ավելի շատ առաջարկություն կամ եզրակացություն տվողի կարգավիճակ, իսկ վերջնական որոշումը կայացնում է ՀՀ նախագահը, նշանակել կամ չնշանակել այս կամ այն դատավորին, դադարեցնել դատավորի լիազորությունները, թե ոչ, թույլ տալ կալանավորել, կամ որպես մեղադրյալի, թե ոչ: Այս բոլոր որոշումների կայացնում է երկրի նախագահը, որը կարող է կիսել կամ չկիսել արդարադատության խորհրդի կարծիքը։ Սա չի խոսում դատական համակարգի արտաքին անկախության մասին։ Առաջարկվող մոդելն էապես տարբերվում է։ Այս մարմինն է, որ կայացնում է վերջնական որոշումներ, իսկ նրա ձեւավորման հարցում մասնակցում են թե անկախ դատական իշխանության ներկայացուցիչները, թե խորհրդարանի 3/5-ը, որը եւս պատահական թիվ չէ։ Սա նշանակում է, որ պետք է լինի քաղաքական ավելի լայն կոնսենսուս, քան պարզ մեծամասնությունը։ Նման մոդելների պարագայում է, որ թեկնածուն, որ ի վերջո, նշանակվում է, իրեն պարտավորված չի զգում որեւէ քաղաքական ուժի հանդեպ։
Այսինքն այս փոփոխություններով հնարավոր կլինի երկրում ձեւավորել անկախ դատական համակա՞րգ։ Ու արդյոք հենց Սահմանադրությո՞ւնն էր խոչընդոտում Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալուն։
Դատական համակարգի անկախությունը դա մի կետ չէ, որին եթե հասար, այլեւս ոչինչ հնարավոր չէ բարելավել։ Սա գործընթաց է եւ միշտ կարելի է խոսել անկախության աստիճանի մասին։ Եթե մենք համեմատենք 2005-ի Սահմանադրությունը 1995-ի Սահմանադրության հետ, մենք կտեսնեք էական առաջընթաց անկախության հարցում։ 1995 թվականին նախատեսվում էր Արդարադատության խորհուրդը, որը ղեկավարում էր Հանրապետության նախագահը, որի տեղակալներից մեկը Արդարադատության նախարարն էր, մյուսը գլխավոր դատախազը։ Այսինքն պարզ է, որ այդ մոդելը, որը փոխվեց 2005-ին, որտեղ արդարադատության խորհրդի մեծամասնությունը դատավորներն էին, սա էական քայլ էր անկախությունն ապահովելու առումով։
Սակայն գաղտնիք չէ, որ այդ փոփոխություններից հետո էլ դատական համակարգի անկախությունը չապահովվեց եւ հիմա էլ դատական համակարգը պատվերներով է առաջնորդվում։
Իհարկե, դատական համակարգի անկախության համար անհրաժեշտ են բազմաթիվ գործոններ, բայց երկու կարեւոր գործոններ կան, որոնցից մեկն արտաքին անկախությունն է, երկրորդը՝ ներքին գործոնը, որի ուղղությամբ եւս քայլեր արվել են։ Մենք չպետք է խոսենք այն մասին, որ Սահմանադրությունն ինքնին երաշխավորում է այդ անկախությունը։ Սահմանադրությունը ստեղծեց պարարտ հող, որպեսզի այդ անկախությունը ձեւավորվի։ Եվ հիմա անհամեմատ առաջադիմական մոդել է առաջարկվում, քան կա գործող Սահմանադրությամբ։
Այսինքն սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքացիների մոտ դատական համակարգի նկատմամբ վստահությունը կավելանա՞։
Ճիշտ մեխանիզմները հիմքում դնելը հույժ կարեւոր է, որպեսզի երկիրը գնա առաջ։ Օրինակ միապետության պայմաններում եւս կարող է լինել իդեալական ժողովրդավարություն, ունենալ շատ լավ արդյունքներ, բայց արդյոք դա կայուն մոդել է, ոչ, որովհետեւ մեխանիզմները, որ դրված են այդ երկրի հիմքում, դրանք չեն կարող ապահովել երկարատեւ ժողովրդավարական պատշաճ զարգացում։ Մեխանիզմները միանգամից արդյունք չեն տալիս, նրանք ապահովում են զարգացում։
Նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները Սահմանադրությունը փոխելու ծրագիր չեն ներկայացրել, սակայն վերջին 1-2 տարում որոշում կայացվեց փոխել Սահմանադրությունը։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իր իշխանավարման առաջին տարիներին նման փոփոխություններ չնախաձեռնեց, այլ միայն հիմա, սա ինչո՞վ էր պայմանավորված։
Ցանկացած խնդիր պետք է հասունանա։ Խորհրդարանական համակարգի անցնելու մասին խոսակցությունները շատ վաղուց են հուզում ու մտահոգում մեր հասարակությանը։ 1995-ի Սահմանադրության ընդունման ժամանակ ամենաշատ արծարծվող թեման եղել է հենց խորհրդարանական համակարգը։ Այս բոլոր հարցերը նոր չեն եւ ինչ որ մի պահի դրանք պետք է բերվեին քաղաքական ասպարեզ։
Գաղափարները պետք է հասունանային։ Նախկինում մենք ունեցել ենք բացառապես մեծամասնական ընտրություն խորհրդարանում, քայլ առ քայլ ներմուծվեց համամասնականը, որի թիվը քայլ առ քայլ սկսեց ավելանալ։ Սրանք խոսում են քաղաքական գործընթացների, գաղափարների հասունացման մասին։ Անգամ ամենառաջադիմական փոփոխությունները միշտ չէ, որ տալիս են իրենց արդյունքը, եթե հասարակությունը, քաղաքական ուժերը պատրաստ չեն դրանց։ Դրանով է պայմանավորված, որ ժողովրդավարական ուղին բռնած երկրները հաճախ փոխում են իրենց Սահմանադրությունը։ Նրանք կարող էին միանգամից վերցնել ամենաժողովրդավարական երկրներից մեկի Սահմանադրությունը, բայց արդյոք դա կգործեր։ Գաղափարը հասունացավ անգամ սահմանադրական փոփոխությունների մշակման փուլում։
Կա կարծիք, որ սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության, քանի որ երկրի կառավարման, որոշումների կայացման համար պատասխանատու անձ չի լինելու, պատասխանատու են լինելու ԱԺ պատգամավորները: Չկա՞ մտավախություն, որ սա կարող է իրականություն դառնալ:
Այստեղ օգտագործված է ծեծված տերմինի՝ կոլեկտիվ անպատասխանատվության մասին, մինչդեռ խոսքը ժողովրդավարության մասին, կոլեկտիվ որոշումների ընդունումը ժողովրդավարության հիմքն է։ Պատասխանատուն լինելու է խորհրդարանական մեծամասնությունը եւ իր պատասխանատվությունն արտահայտվում է հաջորդ ընտրություններում ստանալիք քվեով։
Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրության փոփոխությունից հետո երկրի վարչապետը կախման մեջ է լինելու իշխող կուսակցության նախագահից եւ փաստացի ղեկավարը հենց կուսակցապետն է լինելու: Այս պնդման մեջ ճշմարտության հատիկ չկա՞:
Ես կառաջարկեի այդ պնդումն անողներին փոքր ինչ ջանք գործադրել եւ բացել քաղաքագիտության տարրական դասագրքերը եւ ծանոթանալ այն հատվածներին, որոնք խոսում են, որ միապետությունից միանձնյա կառավարումից խուսափելու համար լավագույն մոդելը խորհրդարանական կառավարման համակարգերն են, իսկ կիսանախագահական համակարգերն իրենց մեջ վտանգ են պարունակում անում կատարելու միանձնյա կառավարում։





























