Մենք կարող ենք վստահությամբ ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բիշքեկ լիովին տապալված էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ղրղզստանի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը։ 

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ունեցել է ընդամենը երկու լիարժեք հանդիպում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ։ Մնացած բոլորի հետ բանակցություններն անցել են արագացված ռեժիմով, այսինքն՝ ոտքի վրա։ Եվ սա, բացի ձախողում անվանելուց, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել։

«Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, ապա այն նույնպես տապալված էր։ Ինչո՞ւ։ Դե եկեք նայենք արդյունքներին։ Այդ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները ոչ մի տեղ չվերացան։ Դրանք այդպես էլ չհանվեցին։ Երկրորդ՝ Պուտինը կրկին պահանջեց Փաշինյանից անցկացնել հանրաքվե»,- պարզաբանել է քաղաքական տեխնոլոգը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս դեպքում հասկանալի է։

«Փաշինյանը կոնկրետ օրենք է ընդունել։ Եվ այստեղ Պուտինը ճիշտ է։ Եթե դու արդեն ընդունել ես Եվրոպական միություն մտնելու մասին օրենք, նշանակում է՝ արդեն պատրաստ ես դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այսինքն՝ դու, փաստացի, դադարել ես լինել հուսալի գործընկեր։ Եթե դադարել ես լինել հուսալի գործընկեր, ապա քեզ հետ այլևս չեն իրականացնի համատեղ բիզնես նախագծեր։ Օրինակ՝ չեն ստեղծի համատեղ ներդրումային ձեռնարկություններ կամ կորպորացիաներ»,- նշել է Բադալյանը։

Ինչպես նշել է քաղաքական տեխնոլոգը, ոչ ոք չի ցանկանա ներդրումներ անել նման մասշտաբային նախաձեռնություններում՝ շատ լավ հասկանալով, որ վաղ թե ուշ ամեն ինչ կարող է զրոյի հավասարվել։ Բացի այդ, Մոսկվան երաշխիքներ չունի, որ Հայաստանի իշխանությունները չեն սկսի Եվրասիական տնտեսական միության աշխատանքը սաբոտաժի ենթարկել, ասենք, նույն Եվրոպական միության շահերից ելնելով։