«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից:
«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։
Այս ձեռնարկությունը Հայաստանում ցեմենտի 2 խոշոր գործարաններից մեկն է։ Վերջին 20 տարիներին գործարանը մի քանի տարբեր սեփականատերեր է ունեցել։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանել «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ: 2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատեր: 2017 թվականի վերջին գործարանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը: 2022 թվականին սկսվել է սնանկության գործընթացը։
Նշենք , որ գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատունը Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, ալրաղացներ Մասիս և Արտաշատ քաղաքներում, տրանսպորտային ընկերություններ, անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավտոպարկ՝ ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայով, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլն։
Մամուլը պարբերաբար գրում է նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սերտ կապերի մասին։





























