Վաշինգտոնի և Էր-Ռիյադի միջև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է ուրանը մինչև 20% հարստացնելու հնարավորություն։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով փաստաթղթի տեքստին, որը քննարկման համար ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես։

Ինչպես նշում է պարբերականը, համաձայնագիրը ինքնաբերաբար թույլտվություն չի տալիս Սաուդյան Արաբիայի տարածքում ուրանի հարստացման համար, սակայն ներառում է մի քանի քայլ, որոնք մի քանի տարվա ընթացքում հնարավորություն կտային գործարկել հարստացման օբյեկտը։ Գործարքի պայմաններով՝ երկու տարվա ընթացքում ամերիկացի և սաուդցի պաշտոնյաները կուսումնասիրեն ուրանի հարստացման «տնտեսական նպատակահարմարությունը» և կմշակեն միջուկային զենքի տարածման ռիսկերից պաշտպանության միջոցներ։ Եթե կողմերը հանգեն այն եզրակացության, որ հարստացումը անհրաժեշտ է, ամերիկյան ընկերությունները՝ համագործակցելով իրենց արտասահմանյան մատակարարների հետ, կկառուցեն օբյեկտ, որը թույլ կտա ուրանը հարստացնել մինչև 5%։ Հետագայում այս ցուցանիշը կարող է մոտենալ 20%-ի, գրում է թերթը։

Պարբերականը ընդգծում է, որ համաձայնագրի տեքստը չի պարունակում Սաուդյան Արաբիայից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու և Աբրահամյան համաձայնագրերին միանալու պահանջ։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հուլիսի 22-ին տարածել է հայտարարություն այն մասին, որ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան կնքել են համաձայնագիր՝ Վաշինգտոնի կողմից թագավորության խաղաղ միջուկային ծրագրին աջակցելու վերաբերյալ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այն հաշվարկված է մի քանի տասնամյակների համար և կոչված է «ամերիկյան ընկերությունների համար լայն հնարավորություններ բացել Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին մասնակցելու համար»։ Սակայն հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ գործարքի հաստատումը «ամբողջությամբ կախված է Սաուդյան Արաբիայի՝ Աբրահամյան համաձայնագրերին միանալուց»։