Mitsubishi ընկերությունը վերածնել է Pajero-ն՝ լեգենդար ամենագնացը վերադարձել է նոր սերնդով և այժմ մրցակցելու է Toyota Land Cruiser-ի հետ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում մոդելը վաճառվում էր Shogun անվանմամբ, գրում է Autocar-ը։

Նոր Pajero-ն պահպանել է շրջանակային կառուցվածքը, որը բնորոշ է իսկական ամենագնացներին, իսկ մշակողները շեշտը դրել են անցունակության և արտաճանապարհային հարմարավետության վրա։ Ավտոմեքենայի արտաքին տեսքը հիշեցնում է կարճ բազայով Pajero-ները, որոնք հաջողությամբ հանդես էին գալիս «Փարիզ — Դակար» ռալիում 1980-ական, 1990-ական և 2000-ական թվականներին։

Գետնանցումը կազմում է 230 մմ։ Մուտքի և ելքի անկյունները համապատասխանաբար հասնում են 30,4 և 25,8 աստիճանի։ Միևնույն ժամանակ հետևում այլևս չկա բեռնախցիկի դռան վրա ամրացված պահեստային անիվը՝ նախորդ սերունդների բնորոշ տարրերից մեկը։

Pajero-ն ստացել է Mitsubishi L200 պիկապից վերցված 2,4 լիտրանոց դիզելային շարժիչի նոր տարբերակ՝ 201 ձիաուժ հզորությամբ։ Շարժիչը աշխատում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի և լիաքարշակ համակարգի հետ զույգով։

Ավտոմեքենայում կիրառվում է նաև Active Yaw Control համակարգը, որն առաջին անգամ հայտնվել էր Mitsubishi Lancer Evolution V-ում։ Այն վերաբաշխում է ոլորող մոմենտը ձախ և աջ անիվների միջև՝ օգնելով պահպանել կայունությունը կամ բարելավել կառավարելիությունը։

Նոր Pajero-ն նախորդների համեմատ զգալիորեն ավելի շքեղ է դարձել։ Mitsubishi-ն այն դիրքավորում է որպես ապրանքանիշի ֆլագման մոդել։ Սրահում օգտագործվում են կաշվե նյութեր, նախատեսված է երեք շարք նստատեղ՝ յոթ անձի համար, եռագոտի կլիմատ-կոնտրոլ և նստատեղերի օդափոխություն։ Yamaha աուդիոհամակարգը կարող է փոխհատուցել ճանապարհային աղմուկի մի մասը։

Pajero-ի արտադրությունը կազմակերպվել է Թաիլանդում, որտեղ էլ ավտոմեքենան առաջինը կթողարկվի։ Ավստրալիայում և Ճապոնիայում նոր մոդելը պետք է հայտնվի մինչև 2027 թվականի մարտը։