Գործող Սահմանադրության դեպքում որոշ բախտախնդիրներ մտածում են՝ կարող է բախտի անիվը շրջվի եւ մի օր իրենք դառնան իշխանություն: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը: Նա հարցազրույցում անդրադարձել է քարոզարշավի ընթացքին, քաղաքական զարգացումներին ու սահմանադրական փոփոխություններին:

Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս է ընթանում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավն «Այո»-ի շտաբում: Ինչպես են կազմակերպվել շտաբի աշխատանքները: Շատերն ասում են, որ անտարբերություն կա այս գործընթացի նկատմամբ: Արդյոք դա այդպես է, թե այս ընթացքում հաջողվեց կոտրել անտարբերությունը:

Այդ ամենը պետք է նայենք համեմատության դաշտում, 6 ամիս առաջ, մեկ տարի առաջ: Իսկապես, սկզբում մարդիկ բավականին անտարբեր էին սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, ինչը պայմանավորված էր նրանց ոչ իրազեկված լինելով: Մարդիկ չէին հասկանում ինչու պետք է «այո» ասեն կամ «ոչ» ասեն: Սակայն աստիճանաբար այդ դինամիկան փոխվեց: Տարբեր քարոզչական մեխանիզմներով, ես նկատի ունեմ նաեւ նոր մշակույթը, երբ «այո»-ի եւ «ոչ»-ի կողմնակիցները միասին շրջեցին մարզերով եւ ներկայացրին իրենց դիրքորոշումները: Սա բավական լավ քաղաքական մշակույթ էր, դեռ արդյունավետության մասին չեմ խոսում: Դրա արդյունքում բոլորս ականատես եղանք, որ հանրություն ընկալեց, որ պետք է ոչ թե հանրահավաքներ կազմակերպել, որ չկարողանան մարդիկ շփվել կողմերի հետ: Արդյունք տվեցին նաեւ փակ լսարանային շփումները եւ պետք է ասեմ, որ այդ շփումների արդյունքում այդ մտավախությունը բավականին կոտրվեց:

Այսինքն արդյունք տվեց այնքանով, որ իրազեկվեցին եւ կողմնորոշվեցին, թե ինչպես պետք է քվեարկե՞ն, թե արդյուքն տվեց «Այո»-ի օգտին:

Այո, մեծ արդյունք տվեց իրազեկման առումով: Եթե այսօր որեւէ քաղաքացու հարցնեք, թե ինչպիսի դրույթներ ունեին 1995-ին ընդունված կամ 2005-ին փոփոխված սահմանադրությունները, կպարզվի, որ նա որեւէ գաղափար չունի այդ սահմանադրություններից: Սահմանադրությունը բավականին բարդ փաստաթուղթ է եւ որքան էլ իրազեկենք, էլի ամբողջությամբ հասարակությանը հասցնել չի հաջողվի, որովհետեւ այն բարդ փաստաթուղթ է անգամ մասնագետների համար, բայց գոնե այն կարեւոր կետերը որ կան, հասցրեցինք ժողովրդին: Մարդիկ կարողացան ընկալել, որ «ոչ»-ը քարոզողները չէին կարողանում իրենց տեսակետը հիմնավորել եւ ստիպված էին կեսից անցում կատարել սոցիալական խնդիրների: Այ սա է դրական դինամիկան, որ մարդիկ, չլինելով մասնագետ, հասկանում էին թե որ մոդելն է տանում դեպի ժողովրդավարություն: Սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, կան շատ մարդիկ, նաեւ քաղաքական ուժեր, որ հասարակության մեջ դինամիկա են տեսնում եւ ինձ թվում , որ որեւէ անգամ մենք այսպիսի մակարդակի հանրաքվեի քարոզչություն չենք անցկացրել։ Մնացածի պատասխանը կտա ժողովուրդը։

Պարոն Բաղդասարյան կարծիքներ կան, որ 1995 եւ 2005 թվականներին քարոզարշավի ժամանակ իշխանությունները սահմանադրության նոր տարբերակի գրքույկներ բաժանվեցին։ Ինչու այս անգամ գրքույկներ չբաժանվեցին, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե ինչին է այո կամ ոչ ասելու։

Պրակտիկան ցույց է տալիս, որ ինչքան քարոզչության վերջնամասում են բաժանվում այդ գրքույկները, այնքան արդյունավետությունը մեծ է լինում։ Հիմա արդեն դրանք բաժանվում են բոլոր մարզերում։ Հենց այսօր էլ 500 մարդկանց հետ հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ գրքույկները բաժանվել են։ Չի եղել հանդիպում կամ այցելություն, որի ժամանակ չբաժանվեն ոչ միայն սահմանադրական փոփոխությունները, այլեւ դրանց վերաբերյալ մեկնաբանությունները։ Փորձը ցույց է տվել, որ եթե դրանք բաժանվում են հանրաքվեից 1-2 ամիս առաջ, դա իր նպատակին չի ծառայում, իսկ երբ հասարակության մեջ ակտիվություն է մտնում, հետաքրքրություն է առաջանում գործընթացի նկատմամբ ու այդ ժամանակ են բաժանվում, արդեն մարդիկ հասկանում են, թե իրենք ինչ հարցեր ունեն, որոնք կարող են գտնել այդ գրքույկներում։ Եթե մարդը չգիտի ինչի մասին է խոսքը, նա դժվար թե նստի ու կարդա այդ գրքույկը։ Սա ավելի ճիշտ մարտավարություն եմ համարում։

Այս ընթացքում շատ քննարկվեց, որ պաշտոնյաներն ինչպես են հասցնում համատեղել աշխատանքը քարոզչական աշխատանքների հետ։

Պատգամավորի սուրբ պարտականությունն է ակտիվ մասնակցություն ունենալ նման գործընթացներում եւ կարողանա իրազեկել ժողովրդին։ Եթե պատգամավորը հանրաքվեների ժամանակ, նման պետական նշանակություն ունեցող իրադարձությունների ժամանակ իր անմիջական մասնակցությունը չի ունենալու, էլ ինչի համար են մանդատը տվել այդ մարդուն։ Եթե մենք շտաբում 3-4-րդական դեմքերով հանդես գայինք, ասելու էին՝ իմիջիայլոց են վերաբերվում։ Իրոք շատ պատասխանատու դեմքերով է ներկայացվել շտաբը, որպեսզի լինի վերահսկողություն, որպեսզի ոմանք չկարողանան ցեխ շպրտել հանրաքվեի վրա։

Դուք խոսում եք վերահսկողությունից սակայն ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովի իրենց անդամներին «այո»-ի կողմնակիցները փորձում են կաշառել, անգամ կա տեսագրություն, հարուցվել է քրեական գործ, մարդ է ձերբակալվել։ Ինչպե՞ս է նման բան տեղի ունեցել։

Ես չեմ բացառում, որ նման երեւույթներ էլի լինեն, արջի ծառայություններ, սադրանքներ, անհայտ մարդկանց կողմից կատարվող գործողություններ, որը կվերագրեն իշխանությանը։ Իրավապահները այդ գործով զբաղվում են, եւ բոլորը պետք է պատժվեն։ Եթե ձեր նշած մարդու դեմ փաստեր կան, նա անպատիժ չի մնա։ Այսօր մի կեղծիք են արձանագրել, նախորդ ընտրությունների ժամանակ հարյուրավոր, հազարավոր նման կեղծիքներ էին բացահայտում։ Փառք Աստծո, որ դեռ այդ մի երեւույթն է արձանագրվել եւ մենք պետք է աշխատենք, որ դա չաճի, նաեւ պետք է խուսափել սադրանքներից։

Շատ է խոսվում նաեւ այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության, քանի որ երկրի կառավարման որոշումների կայացման պատասխանատու անձ չի լինելու, պատասխանատու են լինելու ԱԺ պատգամավորները։ Չկա՞ մտավախություն, որ սա կարող է իրականություն դառնալ։

Ես չգիտեմ, թե ով է նման անհեթեթ մեկնաբանություն անում։ Սեւով սպիտակի վրա գրված է, որ պատասխանատվությունը կրում է կառավարությունը, վարչապետը, որը պատասխանատու է Ազգային ժողովի առջեւ, իսկ Ազգային ժողովն իրականացնում է վերահսկողություն։ Ինչ է նշանակում պատգամավորներն են  կրելու պատասխանատվություն։ Բոլո՞րն են կրելու պատասխանատվություն, ընդդիմությունը չի՞ կրելու։ Ընդդիմությունը միշտ ուզում է վերահսկողություն առանց պատասխանատվության, այսօր բոլորը մեկ առ մեկ պետք է կրեն պատասխանատվություն, որովհետեւ ընդդիմությունը եւս լուրջ գործառույթ ունի եւ նրա դերը նոր սահմանադրությամբ բավականին բարձրացվում է։ Հետեւաբար, անկախ իրենից, ուզի, թե չուզի, նա պիտի մտնի պատասխանատվության տակ։

Ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում երկրի վարչապետն ու նախագահը կախման մեջ են լինելու իշխող կուսակցության նախագահից եւ երկրի փաստացի ղեկավարը հենց կուսակցապետն է լինելու։ Այս պնդման մեջ ճշմարտություն չկա՞։

Նման շահարկումները պարզապես անճարների մեկնաբանություններ են։ Տեսեք ինչ է կատարվում. Եթե նախկինում Ազգային ժողովը ձեւավորվում էր համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով եւ համամասնական ընտրակարգով իշխող ուժը 30-35 տոկոս ձայն էր հավաքում, մնացած պակասը լցնում էր մեծամասնականով, որովհետեւ մեծամասնական մանդատները բաժանվում էին 1-2 քաղաքական ուժերի միջեւ, իսկ համամասնականը՝ 5-6 քաղաքական ուժերի միջեւ։ Այժմ մեծամասնականը վերանում է եւ այդ մանդատները եւս բաժանվելու են 5-6 քաղաքական ուժերի միջեւ։ Պրակտիկան ցույց է տվել, որ որեւէ քաղաքական ուժ 30-35, առավելագույնը 40 տոկոսից ավելի չի կարող ձայն հավաքել։ Այսինքն պետք է ստեղծվի կոալիցիա եւ այդ կոալիցիայի ժամանակ որեւէ կուսակցություն չի կարողանալու իր միահեծան կամքը թելադրել քաղաքկան դաշտին։ Այսօր դրվածքն այնպիսին է, որ այն հիմնական կարեւորագույն պաշտոնները, որոնք գտնվում են ԱԺ-ում, ընտրվում են 3/5-րդ-ով, եւ առանց ընդդիմության հնարավոր չի լինելու ընտրություն կատարել։ Այսինքն ստեղծվում է մի վիճակ, որ պետք է լինի բանակցային փուլ եւ ընտրվի այն լավագույն տարբերակը, որն ընդունելի կլինի եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից։ Ի՞նչ է նշանակում միակուսակցական կառավարում։ Սկզբում հայտարարում էին, թե այս փոփոխությունները մեկ անձի համար են անում, որպեսզի այդ անձը դառնա երկրի վարչապետ, հետո ասացին ուզում է դառնալ ԱԺ նախագահ, հիմա էլ թե կուսակցության նախագահ լինելով է կառավարելու երկիրը։ 2017 թվականին թող ընդդիմադիր, բողոքական ուժերը միավորվեն, հավաքեն մեծամասնություն, եւ այդ իշխող կուսակցությունը կամ ռեժիմը դառնա փոքրամասնություն։ Ով է նրանց ձեռքը բռնում, այս սահմանադրությունը բոլոր հնարավորությունները տալիս է։

Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաք եւ նստացույց է ընթանում։ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ մինչեւ դեկտեմբերի 6-ն իրենց կհաջովի կասեցնել հանրաքվեն։ Ձեր կարծիքով, «Նոր Հայաստան» ճակատին որքանո՞վ կհաջողվի իրականացնել իր ծրագիրը։

Ցանկացած խումբը կարող է ասել՝ պառկում ենք, նստում ենք, կանգնում ենք, իշխանությունը տվեք մեզ։ Ինչ եք կարծում, նման ձեւով պետություն կառուցվո՞ւմ է ինչ-որ տեղ։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ ունեն արած, որ ուզում են նման ձեւով հասարակության եւ իշխանության ուշադրությունը շեղել անիմաստ արարքներով։ Չունեն հիմնավորումներ, չունեն ասելիք։ Ասում են Հայաստանում ամեն առավոտ 3 մլն Նապոլեոն Բոնապարտ է արթնանում։ Հիմա որոշ բախտախնդիրներ մտածում են՝ կարող է բախտի անիվը շրջվի եւ մի օր իրենք դառնան իշխանություն։ Նրանք ուզում են, որ մի օր ունենան միապետի կարգավիճակով նախագահ։ Նրանք չեն մտածում, որ մենք պետք է մտածենք երկրի ապագայի ու զարգացման, ոչ թե անձերի մասին, որոնք կարծում են, թե իրենք անփոխարինելի են։ Նրանք չեն գիտակցում, թե ինչ է նշանակում պետության եւ ժողովրդի պատասխանատվություն, չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Հիմա էլ մի խումբ մարդկանցով գնացել ինչ-որ արարքներով ու հայտարարություններով ուշադրություն են ուզում շեղել։ Այդ առումով հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի արդյունքում կպարզվի, թե ովքեր են այդ մարդիկ,  ինչ են ուզում, ով է նրանց ուղղորդում, ինչու են ուզում երկրում ներքաղաքական իրավիճակն անկայունացնել։