Ամերիկյան Fox News հեռուստաալիքը դեկտեմբերի 7-ին երկու շաբաթով աշխատանքից հեռացրել է երկու հեռուստամեկնաբանների՝ ուղիղ եթերում Բարաք Օբամայի հասցեին հայհոյանք պարունակող խոսքերի համար: Նման որոշում է կայացրել հեռուստաալիքի ղեկավարությունը, հաղորդում է CNN-ը:

«Ռալֆ Փեթերսը եւ Սթեյսի Դեշը մեկնաբանություններ են արել, որոնք բոլորովին տեղին չեն եղել եւ անընդունելի են մեր եթերի համար»,- որոշումը մեկնաբանել է հեռուստաալիքի ավագ գործադիր փոխնախագահ Բիլ Շայնը, հաղորդում է Lenta-ն:

Նրանց երկուսի մեկնաբանություններն էլ վերաբերել են ԱՄՆ նախագահի՝ ազգին ուղղված ուղերձին:

Փեթերսը ստուդիայում համարվում է «ռազմավարական մեկնաբան» եւ փոխգնդապետի կոչում ունի, նշում է CNN-ը: Նա Fox Business Channel-ի հաղորդավար Սթյուարթ Վարնիի հետ զրույցում հայհոյանք է օգրագործել: Հաղորդավարը կոչ է արել իր զրուցակցին ներողություն խնդրել ասվածի համար, եւ վերջինս այդպես էլ վարվել է: Բայց հետագա զրույցում Փեթերսը հավելել է. «Բառերի ընտրությունը ճիշտ չէր, բայց իմ տրամադրվածությունը, կարծում եմ, շատերն են կիսում»:

Սթեյսի Դեշը Fox News-ում Outnumbered թոք շոուի վարողն է: Աշխատանքից հեռացնելուց հետո նա իր Twitter-ում գրել է, որ «սիրով պատասխան կտա իր ասածների համար»:

Սպիտակ Տունը չի մեկնաբանել տեղի ունեցածը: