Արմեն Ամիրյանը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին չի դրել իր թեկնածությունը, որովհետեւ իրեն հոգեհարազատ է ռադիոն: Այս մասին Ա. Ամիրյանը հայտարարել է սեպտեմբերի 7-ին կայացած ասուլիսում: «Ես ունեի ընտրության հնարավորություն` հեռուստատեսություն ու ռադիո, եւ ես նախընտրեցի ռադիոն, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է»,- ասաց նա:
Նույն խնդրին անդրադարձավ նաեւ ասուլիսին ներկա Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքով, ծրագիր կար, որ Հանրային ռադիոն ու հեռուստատեսությունը պետք է միավորվեն, բայց «պարզվեց, որ մոտ ժամանակներս այդ միավորումը չի լինի», քանի որ Արմեն Ամիրյանի հետ երկար քննարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ ավելի լավ է, որ Ամիրյանը մնա ռադիոյի տնօրեն:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի մասին մանրամասն, ըստ կարգի, կհրապարակվի «Հայաստանի Հանրապետություն» թերթի վաղվա համարում:



























