Թուրքիայի իշխանությունները ռուսաստանցի լրագրողների համար իրենց տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու համար նոր կարգ են սահմանել։ Այս մասին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանատնից։
«Թուրքիայի տարածքում առանց թույլտվության աշխատող լրագրողների նկատմամբ կարող են պատժի տարբեր միջոցներ կիրառվել։ Աշխատանքի թույլտվություն ստանալու համար լրագրողներն այսուհետեւ դեսպանատուն պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ լրատվամիջոցի ղեկավարի նամակը՝ թուրքերենով եւ անգլերենով, որում պետք է նշված լինի այցի նպատակը եւ տեւողությունը, ինչպես նաեւ այն մարդկանց անունները, որոնցից լրագրողը պետք է հարցազրույց վերցնի»,- ասել են դեսպանատնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագիտական հաստատությունից հավելել են, որ դա սովորական եւ շատ օգտակար ընթացակարգ է, որը կիրառվում է տարբեր երկրներում։
Մեկնաբանելով այդ քայլը՝ դեսպանատանն առաջարկել են դիմել ՌԴ ԱԳՆ՝ պարզաբանելու համար Ռուսաստանում արտասահմանյան լրագրողների գտնվելու եւ աշխատելու կանոնները։
«Օտարերկրացի լրագրողները Ռուսաստանի տարածքում աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետք է մի քանի շաբաթ առաջ ներկայացնեն իրենց փաստաթղթերը»,- օրինակ է բերել զրուցակիցը։



























