Հոկտեմբերի 4-ի ժամը 17․45-ին Շիրակի մարզի Ազատան գյուղի մի բնակիչ տվել է հաղորդում, որ իր տնից կատարվել է գողություն։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ մեկնել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերը հայտնել է, որ ժամը 11-ից 15-ն ընկած ժամանակամիջոցում, երբ տանը մարդ չի եղել, տան պատուհանը բացել ու տարել են ոսկյա զարդեր, գումար և չհրկիզվող պահարան, որում նույնպես եղել են խոշոր գումար և ոսկյա զարդեր։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերված տվյալները քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։

Պարզվել է, որ գողությունը կատարել են չորս հոգի, մեկը՝ տուժածի համագյուղացին, մյուսները՝ մայրաքաղաքից։

Հոկտեմբերի 5-ի երեկոյան Ազատան գյուղում իրավապահները ձերբակալել են 37-ամյա համագյուղացուն, որը անհերքելի փաստերի առկայության պայմաններում ընդունել է մեղքը և հայտնել է, որ չհրկիզվող պահարանն ու գողոնի մի մասը իր տանն են։

Նա կալանավորվել է, իսկ նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է չհրկիզվող պահարանը, ոսկյա զարդեր և մոտ մեկուկես միլիոն դրամի գումար։ Հայտնաբերվել են նաև ատրճանակ, ողորկափող հրացան, 20 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ։

Գողությունը կատարած անձանցից Երևանի 42-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։