Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ շտապ զրույցի է հրավիրել Մոսկվայում Թուրքիայի դեսպանության պաշտպանության, ռազմածովային հարցերի ռազմական կցորդ Ահմեդ Գյունեշին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

«Թուրքական ռազմական դիվանագետին կոշտ ներկայացվել է Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիր իրականացնող ռուսական զորակազմի դեմ պաշտոնական Անկարայի անխոհեմ գործողությունների հնարավոր կործանարար հետեւանքների մասին»,- նշել են նախարարությունում:

«Մասնավորապես, խորը մտահոգություն ենք հայտնել Էգեյան ծովում թուրքական ձկնորսական նավի կողմից ռուսական ռազմանավի դեմ հերթական սադրիչ գործողությունների առիթով, որը թուրքական նավի հետ բախումից խուսափելու համար ստիպված է եղել նախազգուշական կրակոց արձակել»,- հավելել են ՊՆ-ում՝ հավելելով. «Ահմեդ Գյունեշը խոստացել է անհապաղ Անկարային տեղեկացնել ռուսական կողմի ներկայացման բովանդակությունը»: