Ռուսաստանը կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցները տարածել նաեւ հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների ուսուցման եւ ցանկացած ոլորտում պետպատվերների վրա։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը կառավարություն է ներկայացրել որոշման համապատասխան նախագիծ, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանը կարող է դադարեցնել աշխատանքի եւ ծառայությունների ներմուծումը։ Ռուսաստանի իրավաբանական անձանց կարող են արգելել պայմանագրեր կնքել Թուրքիայի գործակալների հետ։
Սահմանափակումները վերաբերում են միայն նոր պայմանագրերին։ Մինչեւ դեկտեմբերի 10-ը կնքած պայմանագրերը պատժամիջոցների տակ չեն հայտնվի։
Սահմանափակումները կարող են վերաբերել նաեւ հյուրանոցների ինքնուրույն ամրագրումներին։ «ՎԻՊ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Դիմտրի Գորինի խոսքով՝ առցանց ճանապարհորդական գործակալությունները պայմանագրեր են կնքելու անմիջապես հյուրանոցների հետ, այսինքն՝ տեսականորեն արգելքը կարող է վերաբերել նաեւ նրանց։
Պատժամիջոցները չեն վերաբերում թուրքական Anadolu Efes-ին (Efes ապրանքանիշ, «Ստարի Մելնիկ»), Eroglu-ին (Colin's ապրանքանիշ եւ Mexx խանութներ), DeFacto-ին, LC Waikiki-ին, Koton ցանցին, ADL-ին (Adilisik ապրանքանիշ) եւ այլ ընկերությունների։



























