Հայաստանում պարբերաբար խոսվում է գիտություն-պետություն-բիզնես կապի անարդյունավետության մասին։ Գիտնականները մեղադրում են գործարարներին նրանում, որ վերջիններս չեն ցանկանում իրենց բիզնեսում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, իսկ գործարարներն էլ, իրենց հերթին, առաջ են քաշում այն փաստարկը, որ գիտնականների կատարած հետազոտություններն ու գյուտերը բավականին ռիսկային են։

Հաջորդ տարի ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացվի 2-3 ինովացիոն նախագծերի առեւտրայնացման նպատակով։ Սակայն դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որպեսզի գիտնականի  նորարարական առաջարկը հավանության արժանանա եւ գոնե 20 տոկոսի չափով ֆինանսական աջակցություն գտնի գործարարների կողմից։

ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այն կարծիքին է, որ հայաստանցի գործարարները չեն կարողանում գնահատել մեր գիտնականների աշխատանքները, չեն վստահում գիտական աշխատանքներին կամ, մեղմ ասած, դրանց «գրագետ» չեն վերաբերում։ Նրա խոսքով՝ անվստահության աճին նպաստում են գիտնականների կողմից օգտագործվող հին սարքավորումներն ու նյութերը, շենքային վատ պայմանները։

Սակայն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Ս. Հարությունյանը պնդեց, որ չկա մի խնդիր, որին հայ գիտանականները չկարողանան լուծում տալ։ Մեջբերելով ՀՀ Պաշտպանության նախարարի խոսքը՝  Ս. Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից դրված որեւէ խնդիր չի մնացել անլուծում։

Ս. Հարությունյանի ներկայացմամբ՝ գիտության  բյուջեում էապես ավելացել են գիտական ծախսերը, իսկ մինչ կոմիտեի ստեղծումը, գիտությամբ զբաղվող հիմնարկների բյուջեն հիմնականում աշխատավարձի ֆոնդի վրա էր ծախսվում։