Թուրքիայում սողացող իսլամացումն արտահայտվում է Ռուսաստանի անվտանգության վրա, քանի որ այնտեղ բուժվում եւ հարմար պահի են սպասում Հյուսիսային Կովկասի գրոհայինները։ Այս մասին ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ կովկասցի գրոհայիններն օգտագործում են Թուրքիայի հետ անվիզա ռեժիմը, որպեսզի այնտեղ բուժվեն եւ որոշ ժամանակ սպասելուց հետո հետ վերադառնան թուրքական անձնագրերով։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանին մեջքից հարված են հասցրել անհասկանալի պատճառներով, այդ պատճառով ինքը չի տեսնում Թուրքիայի հետ պետական մակարդակով համաձայնության գալու հնարավորություններ։

«Թուրքիայի ժողովուրդը եղել է եւ մնում է մեր գործընկերը, սակայն Թուրքիայի գործող ղեկավարության հետ գրեթե անհնար է համաձայնության գալ»,- ասել է Պուտինը։

Պուտինը չի բացառել, որ օդանավի միջադեպի միջոցով Թուրքիան ուզում էր ցույց տալ, որ իրենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար «իրենց» իսլամիստներն են։