ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգելի՛ աշխատակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:

Հեռարձակվող լրատվամիջոցները, լինելով տեղեկատվության տարածման եւ ստացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը, բացառիկ նշանակություն ունեն արդի աշխարհում: Հեռահաղորդակցության բնագավառում անկախ եւ ինքնուրույն լրատվամիջոցների բազմազանությունը, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների ազատությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի իրավահարաբերությունների համարժեք եւ համաչափ կարգավորումը` միաժամանակ պահպանելով այլ սուբյեկտների իրավունքների եւ օրինական շահերի միջեւ օրենքներով ամրագրված հավասարակշռությունը:

Ակնառու են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հաջողություններն այս ուղղությամբ, ինչպես նաեւ առաջընթացն ու ձեռքբերումները միջազգային հարթակներում, հատկապես` Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի ձեւաչափում: Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների եւ գլոբալ տեղեկատվական հասարակության արագ զարգացման պայմաններում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացվող պահանջներն ընդարձակվում են, եւ դեռ անելիքներ կան:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն եւ երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին»: