Հայաստանն անկասկած Եվրոպական երկիր է: Հայաստանը մարդկային մեծ կապիտալ եւ ներուժ ունի, որը կարող է մոտ լինել Եվրոպային, այդ թվում նաեւ` Շվեդիային: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտեն Էնբերգը` անդրադառնալով Եվրոպայի համար Հայաստանի կարեւորությանը:
Նրա խոսքով, Հայաստանը շատ յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի: «Այն Եվրոպայի համար հետաքրքրություն ներկայացնող շատ երկրների միջեւ է գտնվում: Բայց Հայաստանն ինքը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի», - նշել է Էնբերգը: Դիվանագետի կարծիքով, Շվեդիան Հայաստանի հետ դրական համագործակցության մեծ փորձ է կուտակել արդեն: «Հայկական ծագումով մոտ 12 հազար մարդ արդեն ապրում է Շվեդիայում: Նրանք բավականին դրական ներդրում են ունենում երկրի հասարակական կյանքում: Հայաստանն ու Շվեդիան պահպանում են քաղաքական հարաբերությունների շատ բարձր մակարդակը: Այդ պատճառով Հայաստանը շատ առումներով կարեւոր է: Հայաստանը հսկայական ներուժ ունի, որը դեռ չեք իրացրել եւ Շրջանակային համաձայնագիրը կօգնի անել դա», - ամփոփել է Մարտեն Էնբերգը:




























