Մոսկվայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը, ով ներկայացնում է Հայաստանը, 120 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց Պեկինի օլիմպիական չեմպիոն կուբացի Միխան Լոպեսին, որը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Պատրիկեեւի հետ զրուցել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի`WRESTRUS.RU-ի թղթակիցը:

Ստորեւ ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

Աշխարհի առաջնություններում երբեք այսպիսի բարձրության չէի հասել: Արդյունքից գոհ եմ, որովհետեւ այսօր հաղթել Լոպեսին իրական է միայն բարեբախտության որոշակի չափաբաժնի դեպքում:

Լոպեսն արդեն չորս տարի է չի պարտվում: Նա անհաղթելի՞ է:

Լոպեսն ահռելի մեքենա է: Նա շատ ուժեղ է ֆիզիկապես եւ լավ է պատրաստված` ֆունկցիոնալ: Կանգնած դիրքում դիմակայել նրա գրոհին ահավոր ծանր է: Շատերը պատրաստ են սողալով դուրս գալ գորգից արդեն առաջին րոպեից հետո: Նա առանց ձեռքերի օգնության հինգ անգամ ճոպան է մագլցում` իր այդ քաշով, իսկ ես միայն երկու անգամ եմ կարողանում: Նրա ահռելի ֆիզիկական ուժը փոխհատուցում է տեխնիկայի պակասը եւ ուժեղ մարզումային մրցակիցների բացակայությունը:

Իսկ հնարավո՞ր է քո ուժի այդ պակասն այլ կերպ փոխհատուցել։

Ես երկու ամիս լեռներում էի`Ծաղկաձորի մարզաբազայում, ապա` տքնում էի գորգի վրա Կրասնոդարում: Երբեւէ այսքան լավ մարզավիճակում չէի եղել: Օրինակ` Սան Սանիչ Կարելինը իր տարիներին 125 կգ-ոց ծանրաձող էր հրումով բարձրացնում, ես հիմա 140 կգ եմ բարձրացնում:

2009-ի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո մարզման այլ սխեմայի մասին էիր պատմում:

Այն ժամանակ ես ավելի շատ մարզավիճակ էի պահում, քան թե լիարժեք մարզվում: Պեկինի Օլիմպիական խաղերից հետո երկար եմ մտածել` ըմբշամարտում մնալ- չմնալու մասին: Ուզում էի ավելի շատ լինել կնոջս եւ երեխայիս հետ, փորձում էի այլ գործերով զբաղվել: Համակարգված չէի մարզվում, այդուամենայնիվ հաղթեցի Եվրոպայի առաջնությունում: Միայն անցած տարվա ամռանը որոշեցի, որ պետք է լիարժեք վերադառնալ ըմբշամարտ: Սկսեցի մարզվել, բայց գրեթե անմիջապես վնասեցի դաստակս: Դրա պատճառով Դանիայում կայացած անցած տարվա աշխարհի առաջնությունում ոչինչ չկարողացա անել:

Ինչպե՞ս ես լուծում մարզումային  մրցակցի խնդիրը:

Հայաստանի հավաքականում ես միակ  ծանր քաշայինն եմ, այնպես որ այնտեղ ոչ  մեկի հետ չեմ կարող աշխատել: Կրասնոդարում մարզվել եմ Վլադիմիր Գուրալսկու հետ, որն աշխարհի առաջնությունում գոտեմարտում էր Իսրայելի կազմում: Վովան այստեղ իրանցի մրցավարի զոհը դարձավ: Այդ մրցավարը վրեժխնդիր եղավ 84 կգ քաշային կարգում Իսրայելի մարզիկի դեմ գոտեմարտի չներկայացած իրանցի ըմբիշի համար:

Աշխարհի առաջնության ընթացքում հետեւու՞մ  էիր քո մեկ այլ հին մրցակցի` Հասան Բարոեւին:

Պեկինի Օլիմպիական խաղերում եւ աշխարհի նախորդ երկու առաջնություններում Միխան Լոպեսը հայտնվում է մրցաշարային ցանցի իմ կեսում: Այդ պատճառով, երբ այստեղ նրան տեսա Բարոեւի հատվածում` հանգիստ շունչ քաշեցի: Պարզ էր, որ այդպիսի դադարից հետո Հասանի համար հեշտ չի լինի, բայց զարմացա , երբ նա պարտվեց ղազախ ըմբիշին: Բայց ավելի մանրամասն Հասանի ցույց տված ըմբշամարտի մասին չեմ կարող ասել, որովհետեւ Հասանի ժամանակը չեմ ունեցել: Ծանրքաշայինների մրցաշարն այս անգամ շատ ներկայացուցչական էր, հազիվ էի հասցնում շունչ քաշել:

Քո հաղթանակը թուրք  Քայալպի  նկատմամբ դարձավ հունահռոմեականների մրցաշարի  ամենատպավորիչ գոտեմարտերից  մեկը:

Անցած տարի ես պարտվեցի նրան աշխարհի առաջնությունում, ռեւանշ էր պետք: Թուրքը երիտասարդ ու տաքարյուն է: Հիշում եմ`նույնը ես էի այդ տարիքում, դրա համար էլ գիտեի, որ կկարողանամ պահը որսալ: Դժվար էր նաեւ կիսաեզրափակիչում եւս մեկ վաղեմի ծանոթ, ամերիկացի Բայերսի հետ:

Տրիբունայում նստած էին կինդ ու դուստրդ: Զգո՞ւմ էիր նրանց աջակցությունը:

Ես թույլ չէի տվել նրանց գալ աշխարհի առաջնության, բայց նրանք չլսեցին ինձ (ծիծաղում է): Ինչ խոսք` շատ հաճելի է գոտեմարտերից հետո գրկել կնոջդ ու երեխայիդ: Ինձ աջակցելու էին եկել նաեւ ընկերներ Կրասնոդարից, Ռոստովից, Պետերբուրգից եւ շատ այլ քաղաքներից: Շնորհակալություն նրանց:

Հաղթանակից հետո շատերը քեզ հաջողություն էին մաղթում 2012 Լոնդոնի  Օլիմպիական խաղերում:

Կուբացի Լոպեսը շատ ուժեղ է, բայց ես չեմ ասել, որ նա անպարտելի է: Ես դեռ ունեմ չօգտագործած ներուժ, այնպես որ առջեւում շատ աշխատանք կա: Տուրիստի դերում Լոնդոն գնալ չեմ պատրաստվում: