Երեւանի քաղաքապետարանի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի եւ «Երեւանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ «Ամանորի բարի վազք» խորագրով բարեգործական վազքը (ֆոտոռեպորտաժ):

Ձմեռ Պապի հանդերձանքով ավելի քան 200 վազորդներ «Վազիր եւ օգնիր» կարգախոսի ներքո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից Մոնթե Մելքոնյան փողոցով 5 կմ տարածություն անցնելով՝ վերադարձան վազքի մեկնակետին:

Ամանորյա վազքին, որի մասնակցության վճարը 4.000 դրամ էր, մասնակցում էին 14 տարեկանից բարձր վազորդներ։

Վազքի տղամարդկանց խմբում հաղթող ճանաչվեցին 24-ամյա Մհեր Մաշումյանը, 25-ամյա Անդրանիկ Մարգարյանը եւ 15-ամյա Գրիգոր Թուխարյանը՝ զբաղեցնելով, համապատասխանաբար, 1-ից 3-րդ պատվավոր տեղերը:

Կանանց խմբում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրին 25-ամյա Փեյջ Քրիստենսենը, 24-ամյա Ռոզա Բեջանյանը եւ 38-ամյա Եվա Մախմուրյանը:

Վազքի մասնակցության վճարների ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին: Ստացված գումարով, մասնավորապես, Լոռու եւ Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճներ համապատասխան գույք կունենան: