2016թ. սկզբին Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսան Clearstream համակարգի միջոցով Հայաստանում օտարերկրյա ներդրումների մուտք կբացի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ներկայումս Clearstream-ը սպասարկում է ներդրողների եւ ֆոնդային շուկաների միջեւ կապը, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Հայաստանից արտասահման: 2016թ. առաջին ամիսներին պլանավորվում է գործարկել հակադարձ կապը: Արտասահմանցի ներդրողները կարող են Հայաստանում հաշիվ չբացելով հայկական ֆոնդային բորսայում պարտատոմսեր գնել արտասահմանյան բանկերի իրենց հաշիվների միջոցով:
Հատկապես կարեւոր է, որ արտասահմանցի ներդրողներն արդեն գիտեն հայկական ֆոնդային բորսայի մասին եւ գոհ են բարձր եկամտայնությունից ու հարաբերական հուսալիությունից: Նրանք լավ գիտեն, որ այստեղ արդեն թողարկել են IFC-ի եւ EBRD-ի պարտատոմսերը, հավելել է Սարոյանը:
Այդ կազմակերպությունները մեծաքանակ հաճախորդներ ունեն, որոնք կցանկանային բարձր տոկոսադրույքով գնել անգամ դրամային պարտատոմսեր: Հարցն այն չէ, որ արտասահմանցի ներդրողները չեն վստահում հայկական դրամին (ներդրողներն անընդունելի են համարում արժութային ռիսկերը), այլ այն, որ չեն ուզում մտնել հեռավոր եւ փոքր շուկայի տեխնիկական արգելքների մեջ:
«Երբ մենք գործարկենք հակադարձ ուղղությունը, կարծում եմ, որ դոլարային եւ դրամական պարտատոմսերի տոկոսադրույքներն էապես կպակասեն, քանի որ կառաջանա նոր պահանջարկ եւ կբարձրանա իրացվելիությունը: Իսկ առայժմ մեզ մոտ առաջարկը գերազանցում է պահանջարկը, եւ դա արտահայտվում է դրույքների վրա»,- հավելել է Սարոյանը:




























