«Նորքի» հոգեբուժական կլինիկան 65-ամյա Վարդանի տունն է արդեն 30 տարի։ Բնածին թերզագացում ունեցող Վարդանի հիվանդությունը ագրեսիվ դրսեւորումներ չունի, նման հիվանդներին հնարավոր է նաեւ խնամել ընտանիքում։ Չնայած դրան` ծնողները 35 տարեկանուն հանձնել են նրան հաստատության խնամքին։

Առաջին տարիներին Վարդանին այցելել է հայրը, ժամանակի հետ այցելությունների թիվը պակասել է, իսկ ծնողների մահից հետո նրան այլեւս ոչ ոք չի այցելում։ Վարդանի միակ հարազատը` եղբայրը, հոգեբուժարան երբեք չի գալիս։

Նախկինում Վարդանը կարճ ժամանակով վերադարձել է հայրենի քաղաք` փորձել բնակվել եղբոր ընտանիքում, սակայն նրա ու հարազատների համատեղ կյանքը չի ստացվել, Վարդանին վերադարձրել են հոգեբուժարան։ Այդ ընթացքում, այնուամենայնիվ, հասցրել է ճանաչել ու կապվել եղբոր թոռների հետ ու հիմա բոլորին նրանց մասին է պատմում։

Վարդանի իրական ընտանիքը հոգեբուժարանի նրա բախտակից բնակիչներն են ու աշխատակիցները, որոնց հետ նա անցկացրել է իր կյանքի կեսը։ Այս տարի էլ Վարդանն իր մեծ ընտանիքի հետ անցկացրեց ամենաընտանեկան տոնը` Նոր տարին։

Հոգեբուժարանում Ամանորը նշում են տոնի բոլոր ընտանեկան ավանդույթներով։ Տոնածառը զարդարում եւ սեղանը դնում են ընտանիքի մեծերը, որոնք այս դեպքում բուժաշխատողներն են ու համեմատաբար գիտակից հիվանդները, ավելի լուրջ ու ագրեսիվ հիվանդներին, ինչպես ընտանիքում երեխաներին, սեղանի մոտ հրավիրում են կեսգիշերից կես ժամ առաջ`  երբ այն արդեն պատրաստ է։

«Հիվանդներ կան, որ գաղափար չունեն՝ ինչ է Ամանորը, չեն սպասում, չեն հասկանում, չեն մասնակցում։ Նրանց համար դա սովորական օր է»,- պատմում է աշխատակիցներից Հռիփսիմե Մինասյանը:

Բուժքույր Մինասյանին խնդրել են տնից միայն աղցաններ բերել, իսկ ընդեղենի, քաղցրավենիքի ու մրգերի մասին հիվանդներն իրենք են հոգացել. տոնական օրերին տնօրինությունից ստացող ամանորյա փաթեթներից ընդհանուր սեղանի համար բաժին են հանել բոլորը։

Սեղանի շուրջ նստել են միասին` օրվա հերթապահ բուժաշխատողներն ու հիվանդները, ու բոլոր հայ ընտանիքների նման հեռուստացույցով ամանորյա ծրագրեր դիտել։

«Բոլորի պես սպասում ենք, որ Սերժ Սարգսյանը խոսի, ծափ ենք տալիս, մի բաժակ խմում,  միայն մի տարբերությամբ, որ օղի չենք օգտագործում, ջերմուկով, սոկով ենք շնորհավորում իրար: Հետո երգում, պարում ենք»,- պատմում է բուժքույրը:

Սակայն ամենից շատ հիվանդներն սպասում են հունվարի 1-ին, երբ նրանց այցելության են գալիս հարազատները։ Ոմանք չեն գալիս, միայն սնունդ են ուղարկում։ Իսկ Վարդանին ու նրա նման մի քանի այլ հիվանդները հունվարի 1-ին ոչ ոքի չեն սպասում, նրանց մնում է միայն նախանձով նայել մյուսներին ու հարազատներից կարոտը առնել եղբոր թոռների մասին պատմություններ պատմելով։