Գերմանիայի Լեեր քաղաքում բնակվող Ալբերտ Թովմասյանն ու իր ընտանիքն ամեն ինչ անում են՝ գերմանական այս քաղաքին հայկական շունչ տալու համար:
Ալբերտը երեւանցի է, Լեեր է եկել 2001թ.-ին եղբոր հետ: Բիզնես գործունեություն ծավալելու համար Լեեր եկած երիտասարդները չգիտեին, որ այստեղ հայ չի բնակվում:
«Միայն մի սփյուռքահայ պապիկ էր ապրում Լեերում, երբ ես ու եղբայրս եկանք, հետո արդեն ծնողներս եկան: Օտար քաղաքում առավել ես զգում հայի կարոտը: Այդ պատճառով 2013թ.-ից սկսեցի Լեերի քաղաքապետի հետ ակտիվ համագործակցել, քանի որ շատ էի ցանկանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքար տեղադրել քաղաքի կենտրոնական պուրակում»,- ասում է Ալբերտ Թովմասյանը:
.jpg)
Թովմասյանները միակ հայ ընտանիքն են Լեերում, մինչդեռ թուրքերի թիվն անցնում է 4000-ը: Ալբերտի խոսքով՝ մեծ դժվարությամբ կարողացան խաչքար տեղադրել կենտրոնական պուրակում, քանի որ Թուրքիան անընդհատ բողոքի նոտա էր հղում Լեերի քաղաքապետարան՝ փորձելով խափանել իրենց նախաձեռնությունը. «Սակայն մենք կարողացանք հոկտեմբերին խաչքարը տեղադրել: Հիմա էլ արդեն թույլտվություն ունենք՝ այդ պուրակում տեղադրել Լեերի ու Երեւանի բարեկամությունը խորհրդանշող նստարաններ, որոնք այսօր նորաձեւ են Հայաստանում: Այս պահին մեկ նպատակ ունեմ. 3-4 տարուց հետո այգին պետք է անվանվի «Հայկական պուրակ»:
.jpg)
Մինչ պուրակի անվանումը փոխելը՝ հունվարի 6-ին կամ 7-ին Ալբերտը մտադիր է Սուրբ Ծնունդին նվիրված պատարագ մատուցել Լեերում, թեեւ քաղաքում հայկական եկեղեցի չկա եւ դեռեւս հստակ որոշված չէ՝ որպես եկեղեցական արարողությունն անցկացնել:
«Շատ կուզեի, որ Գերմանիայի տարբեր քաղաքների հայկական համայնքները, միություններն ակտիվ համագործակցեին, միմյանց օգնեին, որպեսզի տարածենք մեր հայկականը, մեր մշակույթը»,- նշում է Ալբերտ Թովմասյանը:
.jpg)



























