2015 թվականը ծանր տարի էր, իսկ 2016 թվականն` անկանխատեսելի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը:

«Հայաստանի տնտեսական կյանքում կանխատեսումներ անելն անհնար է, քանի որ իրավիճակն անմիջապես կախված է ռուսական ռուբլու փոխարժեքից»,-ասաց նա։

Տարվա դժվարությունը պատգամավորն իր ընտանիքին պատկանող գործարանի ցուցանիշներով է գնահատում՝ համարելով ծանր: 2015-ին գործարանի արտադրանքի արտահանման ծավալը 50 տոկոսով նվազել է: «Ոչ մի ակնկալիքի մասին չեմ կարող խոսել, որովհետեւ ես չգիտեմ` ռուսական ռուբլին ինչ կլինի: Մեր երկրի տնտեսությունն ամենաշատը տուժում է դրամ/ռուբլի հարաբերակցությունից, որովհետեւ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է: Բայց այսօր ես ինչ իմանամ` Ռուսաստանում այս տարի այդ հարաբերակցությունը ուր կհասնի եւ ինչ կլինի»,-ասաց նա:

Գործարար պատգամավորը Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերություններից տնտեսական ակնկալիքներ չունի, քանի որ Հայաստանի արտադրանքը գնային քաղաքականության տեսակետից մրցունակ չէ, ինքնարժեքը բարձր է: «Շուկա շատ կա, բայց մենք պետք է ուսումնասիրենք` մեր ապրանքը մրցունա՞կ է, թե ոչ: Եթե մեր լոլիկը ռուսական շուկայում երեք անգամ ավելի թանկ է, քան Չինաստանից ու Արգենտիայից բերածը, ինչ կապ ունի` տեղ կա, թե չկա: Ոչ ոք պատրաստ չէ նույն բանջարեղենի համար 2-3 անգամ ավել վճարել, պոմիդորը պոմիդոր է, ի՞նչ տարբերություն: Չեմ կարծում, որ հայկական պարսկական պոմիդորի մեջ տարբերությունն այնքան էական է, որ կարող է 2-3 անգամ թանկ վճարեն հայկականի համար»,-ասաց Պետրոսյանը:

Ըստ նրա` ինքնարժեքը իջեցնելու համար պետք է ծրագիր մշակվի: «Այս գնային քաղաքականությամբ ցանկացած աշխարհի շուկա մտնելը բարդ է, որովհետեւ ամբողջ աշխարհում պարենամթերքը էժանանում է, մեզ մոտ` թանկանում: Չի կարող Եվրոպայում, օրինակ, խաղողի մթերային գինը լինի 1կգ-ն 50 դրամ, իսկ Հայաստանում` 150 դրամ: Մինչեւ մենք գինը 150-ից չսարքենք 50 դրամ, որը շահեկան լինի եւ գյուղացու, եւ արտադրողի համար, մենք չենք կարող շուկա մտնել: Դա կախված է մի քանի գործոններից` հողի բերքատվությունը պիտի բարձրացվի, գյուղացու վարկերը պիտի սուբսիդավորվեն, կամ անտոկոս լինեն։ Ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, իսկ մեզ մոտ որոշակի տոկոսով միայն ոռոգման ջուրն է սուբսիդավորվում, ինչը էական դեր չունի ապրանքի ինքնարժեքի վրա: Խնդիրների լուծման համար պետք է զարգացման ծրագիր մշակել, որպեսզի ապրանքի ինքնարժեքն իջնի: Աշխատանքներ այս ուղղությամբ կարծես թե սկսվել են: Ես կարծում եմ` դժվարությունները կստիպեն, որ ի վերջո այդ ուղղությամբ աշխատանքներն առաջ ընթանան»,-ամփոփեց Ալիկ Պետրոսյանը: