Սեպտեմբերի 13-ից Թուրքիայում լայնամասշտաբ խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում ԼԳԲՏՔ կազմակերպությունների և ակտիվիստների դեմ։ Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել, որոնցից 62-ը կալանավորվել են մինչև դատավարությունը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին։
Կիրակի օրը ստուգայցերն իրականացվել են միաժամանակ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ քաղաքներում։ Ոստիկանությունը ներխուժել է ԼԳԲՏՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ և ՄԻԱՎ-ի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունների գրասենյակներ, ակտիվիստների տներ, ինչպես նաև գիշերային ակումբներ ու այլ հաստատություններ։
Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտարարել է, որ ողջ երկրում իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները իշխանությունների «Իմ ընտանիքն ապահով է» օպերացիայի մասն են, որը կոչված է «պաշտպանելու մեր երեխաներին, ընտանիքի ինստիտուտը և հասարակական կարգը»։ Իշխանությունների վարկածով՝ թիրախում հայտնված կազմակերպություններից որոշները կապ ունեն «անպարկեշտ» նյութերի տարածման հետ։ Ոստիկանությունը պնդում է, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերել է թմրանյութեր և զենք։
Ձերբակալվածների թվում են Թուրքիայում ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ամենահին կազմակերպություններից մեկի՝ Kaos GL-ի ղեկավարության յոթ անդամներ։ «Անպարկեշտ» նյութերի տարածման նույն գործի շրջանակում Ստամբուլում ձերբակալվել է լրագրող Թուղբա Թեքերեքը։ Պատճառը Kaos GL-ի համար նրա հոդվածն էր՝ Վրաստանում ԼԳԲՏՔ անձանց վիճակի մասին։
Human Rights Watch-ը ներկայիս գործողությունները գնահատել է որպես վերջին տարիներին Թուրքիայում ԼԳԲՏՔ+ անձանց հետապնդման ամենալայնամասշտաբ արշավ։ Ոստիկանության գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել մի շարք քաղաքներում։ Ստամբուլում ձերբակալվել է բողոքի ակցիաների շուրջ 150 մասնակից, իսկ Իզմիրում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։





























