Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» պնդում է, որ Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարանի հետ որեւէ առնչություն չունի եւ քաղցրաշենցի խաղողագործների գումարը չի վերադարձրել գործարանը վրձակալած Ավետիք Սարգսյանը:
«Վարչապետն էլ, գյուղատնտեսության նախարարն էլ գիտեն, որ ես այդ գործարանի հետ որեւէ առնչություն չունեմ: Չգիտեմ՝ որ գյուղացին է դա ասել, բայց մենք ինչքան մթերել ենք, բոլորի գումարները տվել ենք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարո Կարապետյանը:
Պատգամավորին պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանից էլ մեզ հայտնեցին, որ գործարանի տարածքն իսկապես պատկանում է Կարո Կարապետյանին, սակայն այն վարձակալել է Ավետիք Սարգսյանը, որն էլ գյուղացիներից խաղող է մթերել:
«Մեր Շահումյանի գործարանն ինչքան խաղող մթերել է, բոլորի գումարը տվել է, իսկ Քաղրաշենինը վարձակալել է Ավետիք Սարգսյանը, որն էլ պայմանագրեր է կնքել գյուղացիների հետ, խաղող մթերել նրանցից»,- հայտնեցին գործարանից:
Նշենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի մի քանի տասնյակ խաղողագործներ դեկտեմբերի 22-ին Կառավարության մոտ էին հավաքվել եւ պահանջում էին մի քանի ամիս առաջ հանձնած իրենց խաղողի բերքի գումարը, ապա ընդունարանում հանդիպում են ունեցել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հետ:
Խաղողագործներից Հրանտ Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենց խաղողը 45-70 դրամով հանձնել են ԱԺ նախկին ԲՀԿ–ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) պատկանող Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարան եւ առ այսօր չեն ստացել իրենց գումարները:
Նշենք, որ քաղցրաշենցի 450 ընտանիք դեռեւս չի ստացել հանձնած խաղողի բերքի գումարը:




























