Հայտնի «Կիլիկիա» առագաստանավի հրամանատար, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը հրավիրվել է գլխավորելու նորվեգացի ծովագնացների գիտական արշավախմբի փուլերից մեկը:

Կարեն Բալայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն են դիմել նորվեգացի գործընկերները՝ առաջարկելով գլխավորել վիկինգների նավի կրկնօրինակի փուլերից մեկը: Ներկայումս նավը կառուցվում է, արշավը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2-3 տարի անց:

Նորվեգացի ծովագնացները նախատեսում են նվաճել Սկանդինավիան: «Մենք «Կիլիկիայով» նվաճեցինք ողջ Եվրոպան»,-հիշեցրեց նա:

Սեպտեմբերի կեսերին Կարեն Բալայանը մասնակցել է վիկինգների նավերի փառատոնին եւ Տոնսբերգում գիտական համաժողովին: «Համաժողովի կազմակերպիչների խնդրանքով ես զեկույց կարդացի «Կիլիկիայի» շինարարության եւ ճանապարհորդության մասին: Ցույց տվեցի ճանապարհորդության մասին ֆիլմի անգլերեն տարբերակը: Հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հայտարարվեց, որ ես հրավիրված եմ գլխավորելու արշավախմբի փուլերից մեկը»,-նշեց Կարեն Բալայանը:

Նախատեսված արշավախմբին մասնակցելու համար նորվեգական կողմը մտադիր է հրավիրել 8 հրամանատարների, որոնք հրթով կգլխավորեն նավը: «Ես նավի ղեկավարումը կստանձնեմ, երբ այն լինի Նորվեգիայի եւ Ռուսաստանի սահմանին»,-ասաց ակումբի ղեկավարը: