Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի խոշորագույն նախագծերից մեկն է դառնալու կորած նավերի հետքերով գիտարշավը: Այս մասին NEWS.am թղթակցին տված հարցազրույցում հայտնել է ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը:
«Կարիբյան ծովում խորտակված առեւտրական նավից բացի մենք գիտենք վայրեր, որտեղ եւս 15 հայկական նավեր են խորտակվել: Գիտենք բեռի տեսակը, խորտակման մոտավոր կոորդինատները»,- նշեց ակումբի նախագահը: Նրա խոսքով, ամբողջ աշխարհից իր գործընկերները՝ ռուսաստանցիներ, եվրոպացիներ, ամերիկացիներ, հնդկացիներ, չինացիներ, ֆիլիպինցիներ, պատրաստ են մասնակցել այդ գիտարշավին: «Նրանք դայվերներ են, գիտնականներ: Նախագծի իրականացումը ֆինանսավորումից է կախված»,- նշեց Կարեն Բալայանը՝ հավելելով, որ գիտարշավը անցնելու է միջազգային օրենքներին համապատասխան, որպեսզի «մեզ չշփոթեն գանձեր որոնողների հետ»:
400 տոննա տարողունակությամբ Quedagh Merchant նավը, որը պատկանում էր Հնդկաստանի հայերին՝ առեւտրականներ խոջա Հակոբին ու խոջա Հովհաննեսին, պատանդ էր վերցվել անգլիացի հանրահայտ ծովահեն Ուիլյամ Քիդդի կողմից, այն հրկիզվել էր ու խորտակվել 1699 թ. Կարիբյան ծովի Կատալինա կղզու մոտ: Դրա խորտակման վայրում 26 թնդանոթ է հայտնաբեվել: 2008 թ. մինչեւ հիմա հայկական նավի խորտակման վայրում աշխատում է ամերիկյան գիտարշավը՝ Չառլզ Բիքերի ղեկավարությամբ: Լքելով նավը՝ Քիդդն իր հետ էր տարել գանձերը ու թաքցրել Նյու Յորքի ճանապարհին ինչ -որ տեղ: Արդեն 300 տարի է այդ գանձերը փնտրում են, բայց ապարդյուն:
Ակումբը տեղեկություններ ունի Հնդկաստանի, Չինաստանի, Ֆիլիպինների ջրերում հայկական նավերի խորտակման մասին: Հայերի հեռավոր նավարկությունների մասին են վկայում տվյալներն այն մասին, որ նրանք եղել են նաեւ Մեքսիկայում՝ Ակապուլկոյում:




























