Դատարանի կողմից նշանակված փաստաբանը, որը դատարանում ներկայացնում է սպանության համար մեղադրվող, ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու շահերը, բողոքարկել է նրա հեռակա կալանքի որոշումը:
«Դատարան է եկել փաստաբանի բողոքարկող գանգատը, որում նա խնդրում է չեղյալ համարել Բասմանյան դատարանի որոշումը», - ՏԱՍՍ-ին տեղեկացրել են շրջանային դատարանում: Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը Դատական կոմիտեի միջնորդությամբ Խոդորկովսկուն հեռակա դատապարտել էր երկամսյա կալանքի:
Կալանքի ժամկետը կհաշվարկվի Խոդորկովսկու կողմից ՌԴ սահմանն անցնելու պահից, ավելի վաղ նշել էր դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարեւան: Այս տարվա հունիսի 30-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաբացել է 1998-ին Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության դատական գործի հետաքննությունը` կապված ի հայտ եկած այն տեղեկության հետ, թե այդ սպանության եւ մի շարք այլ առանձնակի ծանր հանցագործությունների պատվիրատուի դերում կարող էր հանդես գալ անձամբ Խոդորկովսկին:
Դեկտեմբերի 11-ին ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարին, որը քննչի մոտ հարցաքննության չէր եկել, մեղադրանք է ներկայացվել երկու սպանության կազմակերպման համար: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել եւ քննությունը բոլոր միջոցները ձեռք կառնի նրան պատասխանատվության կանչելու համար: Քննության տվյալների համաձայն, Խոդորկովսկին, նավթային ՅՈՒԿՈՍ ընկերության բաժնետեր եւ կառավարման խորհրդի նախագահ հանդիսանալով, 1998-1999-ին ընկերության իրեն ենթակա աշխատակիցներ Լեոնիդ Նեւզլինին եւ Ալեքսեյ Պիչուգինին, ինչպես նաեւ այլ անձանց հանձնարարել է սպանել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովին եւ գործարար Եվգենի Ռիբինին, որի ծաայողական գործունեությունը հակասում էր ՅՈՒԿՈՍ-ի շահերին: Այդ հանցագործությունների իրականացման համար ավելի վաղ դատապարտվել էին Լեոնիդ Նեւզլինը, Ալեքսեյ Պիչուգինը, Գեննադի Ցիգելնիկը, Եվգենի Ռեշետնիկովը եւ Վլադիմիր Շապիրոն:




























