ՀԱՊԿ-ը պետք է արձագանքներ մեկ տարի առաջ Ղարաբաղում հայկական ուղղաթիռի կործանմանը այնպես, ինչպես արձագանքեց թուրքական ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը: «Ազատությանը» տված հարցազրույցում այդ մասին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով՝ եթե դաշինքի անդամ երկրները ցանկանում են ունենալ ազդեցիկ եւ ոչ թե ձեւական կառույց, ուրեմն պետք է առաջնորդվեն կազմակերպության պայմանագրով:
«Խոցվեց Ռուսաստանի ինքնաթիռը։ Բնական է, եթե դու ունես ռազմաքաղաքական կառույց, պետք է որոշակի արձագանք լինի։ Ի դեպ, այս անգամ այդ արձագանքը եղավ, բայց հիշում եք, որ ես ասում էի՝ շատ հարցերում այսօր Թուրքիան է ընդօրինակում Ադրբեջանին։ Իսկ չկա՞ արդյոք այդ նմանությունը, երբ որ Ադրբեջանը խոցեց հայկական ուղղաթիռը, ու ըստ էության, արձագանք չեղավ կոնկրետ ՀԱՊԿ-ի կողմից, չնայած մենք իրենցից որեւէ աջակցություն չենք խնդրել, մենք դրա խնդիրը չունենք Ադրբեջանին պատժելու համար, բայց որպես կառույց իր վերաբերմունքը պետք է արտահայտեր»,- ասաց Քոչարյանը։
«Տեսեք զուգահեռը ակնհայտ է, եւ նախագահի ելույթը նաեւ պայմանավորված է այդ հանգամանքով։ Եթե մենք ցանկանում ենք իրոք ունենալ ռազամաքաղաքական կառույց, այլ ոչ թե ձեւական, ուրեմն կան հարցեր, որտեղ պետք է առաջնորդվել հենց պայմանագրով։ Իսկ ՀԱՊԿ պայմանագրում կան կետեր, որոնք միանշանակ պահանջում են նման իրավիճակներում համապատասխան արձագանք։ Տեսեք՝ նախագահի ելույթի մի մասը ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ էր, իսկ այն, ինչ որ նա արտասանեց լրագրողների առջեւ, դա համաձայնեցված դիրքորոշում էր։ Այսինքն այն քննադատականը, որը հնչեց Թուրքիայի նկատմամբ՝ կապված այդ քայլի հետ, դա գնահատական էր բոլոր երկրներին»,- հավելեց Հայաստանի փոխարտգործնախարարը։
Հարցին, թե ի՞նչ արձագանք գտավ այդ գնահատականը ՀԱՊԿ անդամների կողմից, Քոչարյանը պատասխանեց.- «Եթե քայլը այսօր կատարվել է, դա արդեն հիմք է ստեղծում, որ ապագայում արդեն այդ մոտեցումը կյանքի կոչվի»։
«Շատ է խոսվում, որ ՀԱՊԿ-ի ներսում կան լուրջ հակասություններ։ Ասում են՝ ՀԱՊԿ անդամ երկու երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը հսկայածավալ սպառազինություն են վաճառում Ադրբեջանին, Ղազախստանը միջազգային կառույցներում շատ հաճախ բռնում է Ադրբեջանի կողմը... Դուք նման հակասություններ զգո՞ւմ եք»։ Այս հարցին էլ Քոչարյանը պատասխանեց.- «Չէ, գիտեք ինչ, եկեք հասկանանք, առաջինը՝ ՀԱՊԿ-ի երկու անդամներ՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ են, որտեղ ունեն իրենց շահերը՝ ընդհանուր շահերը։ Մյուս կողմից իրենք Եվրասիական տնտեսական միության եւ ՀԱՊԿ-ի անդամ են։ Այստեղ արդեն խնդիր կա, որ պետությունը, լինելով միաժամանակ տարբեր կազմակերպություններում, ամեն դեպքում պետք է կատարի այն պարտավորությունները, որ ունի կոնկրետ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ում կամ ԵՏՄ-ում։ Այսինքն մի կողմից մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն ելնում է իր շահերից, բայց մյուս կողմից շատ բնական է պահանջը, որ լինելով որեւէ կառույցի անդամ, դու պետք է կատարես այն պարտավորությունները, որ ունես այդ կառույցում։ Իսկ որ հակասություն կարող է լինել, իհարկե, էդ ո՞ր երկրում չկան։ Ինչի ՆԱՏՕ-ում Հունաստանն ու Թուրքիան չունե՞ն հակասություններ։ Իհարկե՛, ունեն։ Բայց մյուս կողմից նույն կազմակերպության անդամ են եւ պարտավոր են առաջնորդվել այդ կազմակերպության կանոնադրությամբ»։
Շավարշ Քոչարյանը հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ դեմ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցնի դաշինքի գլխավոր-քարտուղարի պաշտոնը։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























