Հայաստանի բանկերին ավելի հեշտ կլինի ունեցվածքի գրավադրմամբ վարկի ստացումը: Այդ մասին  NEWS.am-ին հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանը` մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրինագծերում վերջերս ընդունված փոփոխությունները: Փոփոխությունները թույլ են տալիս վերագրավադրել ունեցվածքը, բայց պատժում են գրավի դիտավորյալ փչացումը: 

Շարժական գույքի գրավադրմամբ վարկ վերցնելուն խանգարում էր գյուղտեխնիկայի, հաստոցների, ավտոմեքենաների եւ այլնի մասին տվյալների միասնական բազայի բացակայությունը: Առաջինների հաշվառումն իրականացնում է Գյուղնախարարությունը, երկրորդներին` Էկոնոմիկայի նախարարությունը, երրորդներին` ոստիկանությունը: Այժմ նրանց տվյալներն արտացոլվում են ամփոփիչ գրանցամատյանում, որը վարում է Կառավարությանը կից անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:  

Այդ ռեգիստրում ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն կկարողանա արձանագրել առաջնային գրավը եւ եկամտի արտոնյալ իրավունք ստանալ նրա վաճառքի դեպքում: 

Եթե հաճախորդը որոշել է նույն գրավով այլ բանկից վարկ վերցնել, երկրորդ բանկն անմիջապես կկարողանա տեսնել` այդ ունեցվածքը ուրիշ մի տեղում գրավ դրվա՞ծ է, թե ոչ:   Առաջնային գրավատերը փոխհատուցման արտոնյալ իրավունք է ստանում, եթե ստիպված են լինում գրավը վաճառել: 

«Վերագրավադրումն արգելված չէ: Բայց բանկն իրավունք ունի իրը երկրորդական գրավադրման չվերցնել, եթե հանգում է այն եզրակացության, որ նրա արժեքի մնացած մասը չի հերիքի վարկի ապահովման համար», - պարզաբանել է Սարգսյանը:

Անպարտաճանաչ պարտապաններին համակարգը թույլ չի տա վաճառել գրավադրված ունեցվածքը, հավելել է նա: 

Ռիսկերի նվազման արդյունքում բանկերը կկարողանան անշարժ գույքի դիմաց ակտիվորեն վարկ տալ ինչպես բնակչությանը, այնպես էլ բիզնեսին, հավելել է Բանկերի միության փոխնախագահը: 

Այն հարցին, թե ռիսկերի հետ կնվազեն նաեւ տոկոսները, Սարգսյանը պատասխանել է.  «Պետք է ենթադրել: Որովհետեւ որքան ավելի բարձր է ապահովվածությունը, այնքան փոքր է ճնշումը դրույքի վրա»: