Շախմատի տղամարդկանց Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Զուրաբ Ազմայփարաշվիլին azerisport.com-ին պատմել է, թե ինչու է թիմից վտարել Վուգար Գաշիմովին, նաեւ անդրադարձել է Խանտի Մանսիյսկում կայանալիք համաշխարհային օլիմպիադային, Կարպովի հայցին Լոզանի սպորտային վճռաբեկ դատարան` ընդդեմ Իլյումժինովի եւ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններին:
Ինչո՞ւ Վուգար Գաշիմովը վտարվեց հավաքականից:
Ասեմ, որ Վուգարը գերազանց շախմատիստ է: Բայց ես հասկացա, որ նրա հետ ընդհանուր լեզու փնտրելն անիմաստ է: Բացի այդ նա ինչ-որ տարաձայնություններ ունի ֆեդերացիայի հետ:
Դուք նրա հետ ունեցե՞լ եք ինչ-որ խնդիրներ:
Աշխարհի առաջնության ժամանակ, այո, ունեցել եմ:
Դա նշանակո՞ւմ է, որ քանի դեռ դուք գլխավորում եք հավաքականը, Գաշիմովը տեղ չի ունենա:
Ես թիմին ընտանիքի նման եմ վերաբերվում: Ներսում կարող են տարաձայնություններ լինել, բայց ընտանիքի անդամները միշտ փոխզիջում են գտնում, իրար ընդառաջ են գնում: Ես հավաքականի դռները ոչ մեկի դեմ չեմ փակում, բայց Օլիմպիադայում Գաշիմովը չի լինի:
Գաշիմովի հեռանալուց հետո հավաքականի ընդհանուր թիմային վարկանիշը նվազեց: Դա ազդո՞ւմ է դրված նպատակի վրա:
Խնդիրը կդնի ֆեդերացիան: Ինձ համար լավ արդյունք կլինի տեղն առաջին հնգյակում: Ավելի ցածր` վատ է, բարձր` գերազանց:
Իսկ ներուժը թույլ տալի՞ս է ավելի բարձրի համար խաղալ:
Ներուժը թույլ տալիս է: Բայց մեզ նաեւ հաջողություն է պետք: Առանց դրա եռյակում չեն հայտնվում, նույնիսկ Ռուսաստանը:
Նրա՞նք կլինեն գլխավոր մրցակիցները:
Ոչ միայն: Կա նաեւ Ուկրաինան, Իսրայելը, Բուլղարիան: Շատ է ամրացել Հայաստանը: Վատ կազմ չունի Նորվեգիան` Կարլսենի գլխավորությամբ: Ընդհանուր առմամբ, մեդալների կհավակնեն 10-12 թիմեր:
ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունների մասին: Կիրսան Իլյումժինովը պաշտոնում մնալու լա՞վ շանսեր ունի:
Այո: Ես կարծում եմ Լոզանի դատն ուղղակի անօգուտ է: Ոչինչ ապացուցել չեն կարողանա: ՖԻԴԵ-ի գործող նախագահի օգտին են 94 երկրներ: Այդ թիվն ինչ-որ բան ասում է:
Դուք կլինե՞ք փոխնախագահի պաշտոնում:
Կառաջադրվեմ: Կարծում եմ` Վրաստանի շախմատի ֆեդերացիան կառաջարկի իմ թեկնածությունը: Բացի այդ, ես որոշակի աջակցություն ունեմ Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, քանի որ այնտեղ քիչ աշխատանք չեմ արել:





























