Իրաքի շիա մահմեդականների արմատական առաջնորդ Մուքթադա աս-Սադրը Մերձավոր Արեւելքի երկրների շիաներին կոչ է արել բողոքի ակցիա կազմակերպել Սաուդյան Արաբիայում շիա փոքրամասնության հոգեւոր առաջնորդներից մեկի՝ շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի դեմ:
«Ես Սաուդյան Արաբիայի շիաներին կոչ եմ անում ապացուցել իրենց քաջությունը խաղաղ հանրահավաքներում, բացի այդ, ես Պարսից ծոցի երկրների շիաներին եմ նույն կոչն անում, որպեսզի կանխեն ապագայում անարդարության կրկնությունը եւ պետական ահաբեկչության ընդլայնումը»,- հայտնել է աս-Սադրը:
Ըստ Reuters-ի, քարոզիչը նաեւ Իրաքի իշխանություններին կոչ է արել հրաժարվել երկրում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատանքի վերսկսումից, որը փակվել է 1990 թվականին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտնել էր ահաբեկչության մեղադրանքով դատապարտված 47 մարդու մահապատժի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածներից մեկը շիա փոքրամասնության ներկայացուցիչ, շեյխ Նիմր ալ-Նիմրն էր:
Քարոզչի մահապատիժը վրդովմունք է առաջացրել շիա աշխարհում: Ցուցարարները երթ են կազմակերպել ալ-Նիմրի հայրենիքում՝ շիաներով բնակեցված Էլ Քաթիֆ քաղաքում: Սուննի տոհմի կողմից ղեկավարվող Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, ոստիկանությունը ստիպված է եղել ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել:
Սաուդյան իշխանություններին դատապարտել են նաեւ Իրանի այաթոլան ու այդ երկրի ԱԳՆ-ն, «Հըզբալահ»-ի, Լիբանանի բարձրագույն իսլամական շիա խորհրդի, Եմենի ապստամբ հուսիների ներկայացուցիչները:


























